Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմանը սպառնացող օրինագծերը քվեարկության կդրվեն այսօր


Ազգային ժողովը երեկ քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների ու լրացումների մասին օրինագծերը: Դրանց փաթեթային քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա այսօր:

Քննարկումները երեկ ընթացան բավականին բուռն:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կառավարության առաջարկությունը բնորոշեց որպես «Ազատություն» ռադիոկայանը լռեցնելու փորձ. - «Ես մտահոգություն ունեմ, որ կարող են օգտագործել «Ազատություն» ռադիոկայանի փակումը նախագահական ընտրությունների ընթացքում իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների գործունեությունը ընդարձակելու համար: Որովհետեւ «Ազատություն»-ը միակ լրատվամիջոցն է (Էլեկտրոնային), որը չի գտնվում իշխանությունների վերահսկողության տակ»:

«Չփորձենք մեր երկիրը վերածել այնպիսի պետության, որտեղ ինֆորմացիան [ժողովրդին] հասնում է գուսանների, ժողովրդական բանահյուսության շնորհիվ», - իր ելույթում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Իսկ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի կարծիքով, նախագիծը «չի սահմանափակում որեւէ հնարավորություն արտահայտելու սեփական տեսակետներ եւ բացարձակապես կապ չունի խոսքի ազատության հետ»:

Նույն խմբակցության անդամ Մանվել Բադեյանը ասաց. - «Նույնիսկ Սովետական Միությունը չկարողացավ դա անել [«Ազատություն» ռադիոկայանը փակել]: Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետությունը արգելի «Ազատության» եթերը»:

Խորհրդարանի ամբիոնից մեծ թվով թե’ իշխանական, թե' ընդդիմադիր պատգամավորներ հնչեցրեցին շատ բարձր գնահատականներ «Ազատություն» ռադիոկայանի պրոֆեսիոնալիզմի ու կարեւոր դերի մասին:

Նախագծերը խորհրդարանում ներկայացնող արդարադատության նորանշանակ նախարար Գեւորգ Դանիելյանը բերեց հետեւյալ հիմնավորումները. - «Իսկապես ֆինանսավորվում է [«Ազատություն» ռադիոկայանը] կոնգրեսի [Միացյալ Նահանգների] հատուկ ֆոնդից: Եվ ֆինանսավորվում է այնքան, որ սա տնտեսական սանկցիա դիտել կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ գրեթե անհիմն է»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի դիտարկմանը, թե պետտուրքի այդպիսի չափը (70 հազար դրամ յուրաքանչյուր հեռարձակման համար) արդեն իսկ խոսքի ազատության սահմանափակում է, Դանիելյանը հակադարձեց. - «Պետական տուրքի այսպիսի չափը չպետք է որ սահմանափակի խոսքի ազատությունը` ինչպիսի դրսեւորում էլ որ դա ունենա»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում ասաց. - «Պետք չէ թույլ տալ, որ քաղաքական որոշումները, ուղղահայաց իջեցված հրահանգները խարան հանդիսանան Ազգային ժողովին: Որեւէ հիմնավորում չկա, որ կառավարությունը, նախագահի ստորագրությամբ, արտահերթ նիստով, երկու ընթերցմամբ, արագացված տեմպով ուզում էր այս որոշումը իջեցնել տալ մեր միջոցով»:

Անկախ փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանի կարծիքով, մինչդեռ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքում կառավարության կողմից առաջարկված լրացման հարցում, ըստ Թովմասյանի, «մտածելու որոշակի խնդիրներ կան»:

«Եթե պետությունը ծառայություններ չի մատուցում տվյալ ֆիզիկական անձին, ինքը վերջինիցս որոշակի տուրք չի կարող գանձել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թովմասյանը:

Ուստի առաջարկվող լրացումը, ըստ նրա, հակասում է Սահմանադրությանը, քանի որ այդպիսով լրացուցիչ տուրք է սահմանվում օտարերկրյա լրատվամիջոցի ազգային խմբագրության կամ ծառայության յուրաքանչյուր թողարկման համար` այն դեպքում, երբ «ինքը լրացուցիչ ծառայություն դրա համար չի մատուցում»:

«Եթե պետությունը տարբերակում դրեց այլ պետության իրավաբանական անձի կամ հաղորդումներ պատրաստողի եւ մերի միջեւ, այս պարագայում մենք մի շարք միջազգային պայմանագրեր ունենք կնքած, որոնցով այդ տարբերակում դնելը եւ ոչ հավասար պայմաններ սահմանելը արգելվում է», - ասաց Թովմասյանը` հավելելով, որ Սահմանադրական դատարանը «կարող է սա դիտարկել որպես հակասահմանադրական»:


Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG