Մատչելիության հղումներ

Սուրենյանց. «Ակնհայտ է, որ Ազգային ժողով ներկայացված օրինագծերը, ուղղված են «Ազատություն» ռադիոկայանի դեմ»


Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը կոչով դիմում է քաղաքական բոլոր ուժերին` «Ազատություն» ռադիոկայանի փակումը կանխելու նպատակով «նախաձեռնել ակտիվ հրապարակային քայլեր»:

«Ես կարծում եմ, որ սա այն խնդիրն է, որ արդեն ընդդիմադիր որեւէ քաղաքական ուժ չի առարկելու մասնակցել` անկախ գաղափարական-քաղաքական հակասություններից, որովհետեւ միակ լրատվամիջոցը, որ իր դռները բաց է արել բոլոր տեսակետների առաջ, եւ լուսաբանել է անխտիր բոլոր տեսակետները, դա «Ազատություն» ռադիոկայանն է», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: - «Ես նաեւ բարոյական խնդիր եմ ուզում դնել. երբ ես ու իմ բազմաթիվ ընկերները 2004 թվին գտնվում էին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, «Ազատություն» ռադիոկայանը իր թողարկումներով, որոնք մեզ համար լսելի էին, որովհետեւ ռադիոցանց էր միացված, ազատության, փրկության, հույսի միակ միջոցն էր»:

«Եվ ես վստահ եմ, որ հասարակության լայն շերտերը, ովքեր ենթարկվել են պաշտոնական քարոզչամեքենայի ասպատակություններին, ճշմարիտ խոսքի, ազատ խոսքի պաշտպանության համար կդիմեն ամենավճռական քաղաքական քայլերի», - ասաց նա:

Սուրենյանցի համոզմամբ` ակնհայտ է, որ Ազգային ժողով ներկայացված օրինագծերը, որոնք «ուղղված են «Ազատություն» ռադիոկայանի դեմ, մեկ նպատակ ունեն` ապահովել գործող ռեժիմի վերարտադրությունը. - «Շատ պարզ խնդիր է դրված` նախագահական ընտրություններին ընդառաջ փակել լրատվամիջոց, որը վերահսկելի չէ իշխանությունների կողմից: Սա այլ կերպ չի կարող որակվել, քան ոտնձգություն ազատ խոսքի, ազատ մամուլի դեմ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG