Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան գրեթե բոլոր թերթերն այսօր անդրադարձել են «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավոր դադարեցմանը:

«Միանշանակ է, որ կառավարությունը պարզապես չի կարող այլեւս ուշադրություն չդարձնել երկրի անվտանգության ու պաշտպանության հիմնախնդիրներին», - կառավարության քայլերը բացատրում է «Հայոց Աշխարհ»-ը` զգուշացնելով. - «Մինչդեռ գնալով ակնհայտ է դառնում, որ արտաքին ֆինանսավորմամբ մեր երկրում գործող շատ հասարակական ու լրատվական կառույցներ սպասարկում են օտար շահեր»:

«Իշխանությունների մարտավարությունը փոխվել է», - գրում է «168 ժամ»-ը. - «Հիմա նրանք գերադասում են ոչ թե թույլիկ անվանել իրենց դուր չեկած լրատվամիջոցը, այլ հսկայական տուրքեր սահմանել եւ այդ ձեւով լռեցնել անաչառ խոսքը: Իսկ խորհրդարանը, որ պետք է ընդունի այդ փոփոխությունները, հազիվ թե դիմադրի: Առջեւում նախագահական ընտրություններ են, որոնք ցանկալի է անցկացնել ավելի հարմարավետ պայմաններում»:

«Հայքը» զուգահեռել է. - «Եթե Ռոբերտ Քոչարյանն իր ընտրության նախօրեին հաջողացրեց փակել միակ անկախ հեռուստաալիքը՝ «Ա1+»-ը, Սերժ Սարգսյանը ցանկանում է եթերից զրկել միակ անկախ ռադիոկայանին՝ «Ազատությանը», որն իր սփռման տիրույթով եւ ազդեցությամբ ավելի հզոր է, քան շատ հեռուստաընկերություններ»։ «Իհարկե, միջազգային կառույցները կբողոքեն՝ Հայաստանին հերթական անգամ համարելով հակաժողովրդավարական երկիր, սակայն, ցանկացածին էլ պարզ է, որ նման մանր հարցերը չեն անհանգստացնում ՀՀ իշխանություններին, որոնք իշխանությունը պահպանելու համար պատրաստ են խաղալու երկրի վարկի եւ ապագայի հետ», - ընդգծել է թերթն ու պնդել, թե «շուտով հալածանքներ են սկսվելու նաեւ տպագիր մամուլի դեմ»։

«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը, «Ազատություն» ռադիոկայանի փակման մտադրությունը իբրեւ «քաղաքական խնդիր» որակելով, շեշտադրել է. - «ԱՄՆ-ի կոնգրեսը այս ռադիոընկերությունը ֆինանսավորում է ժողովրդավարության տեսակետից խնդիրներ ունեցող երկրների հասարակություններին անկողմնակալ եւ օպերատիվ տեղեկատվություն ապահովելու համար։ Փակելով «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի իշխանությունները լուծում են հենց այդ խնդիրը. նրանք վերացնում են այն միակ էլեկտրոնային լրատվամիջոցը, որը չի գտնվում իրենց ազդեցության տակ եւ որի գործունեությունը չի վերահսկվում իրենց կողմից»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, հակադարձելով իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների այն պնդումներին, թե իբր «Հայաստանում անցել են այն ժամանակները, երբ խոսքի ազատությունը վտանգի տակ էր», առանձնացրել է. - «Որտե՞ղ է այն մանչուկը, որը զարմանքից չռված աչքերով կհարցներ նրան. «Բայց մի՞թե Հայաստանում չէր, որ փակվեց «Ա1+»-ը: Մի՞թե մեր երկրում մամուլի ազատության վատ վիճակի մասին չէ, որ առավոտից երեկո շեփորում են աշխարհի գրեթե բոլոր առաջատար կազմակերպությունները»: «Մանչուկը չկա, ու գուցե հենց դա է պատճառը, որ մարդկանց ականջները շարունակում են սղոցել այլ «անառարկելի» ճշմարտություններով», - բխեցրել է գլխավոր խմբագիրն ու մասնավորեցրել.- «Ասենք՝ այն մասին, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, որ իշխանությունների ռեյտինգը անասելի բարձր է, որ քրեականացված օլիգարխները կարող են «արդյունավետ» պայքարել մարդու իրավունքների համար, որ ոստիկանությունում կասկածյալներին ու վկաներին չեն խոշտանգում... ո՞ր մեկն ասես»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, իր հերթին, նկատել է. - «Օրենքով նման հեռարձակումը արգելելու իմաստը հենց այդպիսի հեռարձակումը որեւէ կերպ բացառելու նպատակ է հետապնդում։ Պարզապես ակնհայտ է, որ իշխանությունը՝ ի դեմս կառավարության, հաստատ որոշել է փակել «Ազատությունը»: Իհարկե, տեսականորեն նա կարող է հեռարձակվել նաեւ այլ ռադիոկայանների եթերով, բայց հաշվի առնելով այն անհերքելի փաստը, որ Հայաստանում բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները անվերապահորեն գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, նման հեռանկարը «Ազատության»-ը չի սպառնում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG