Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել Աբդուլա Գյուլի հետ


Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Աբդուլա Գյուլը երկուշաբթի օրը հանդիպել են Ստամբուլում, որտեղ անցնում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ հոբելյանական գագաթնաժողովը:

Հաղորդելով հանդիպման մասին` «Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով անանուն թուրք դիվանագետի խոսքերը, փոխանցում է, թե Օսկանյանը իր թուրք պաշտոնակցին ասել է, որ Հայաստանն ուզում է բարելավել կապերը Թուրքիայի հետ, ինչին «կնպաստի հայ-թուրքական սահմանի բացումը»:

Ի պատասխան Աբդուլա Գյուլն ասել է, թե Հայաստանը պետք է աշխատի Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծման ուղղությամբ:

«Մենք նաեւ որոշակի ակնկալիքներ ունենք Հայաստանից», - Գյուլի խոսքերն է մեջբերել թուրք դիվանագետը: Թուրքիայի արտգործնախարարը ակնարկել է ցեղասպանության իրողությունն ուսումնասիրելու համար պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին թուրքական կողմի առաջարկը, որը հայկական կողմը մերժել է:

«Քաղաքական հակամարտությունները զգալի խոչընդոտ են տնտեսական համագործակցության եւ զարգացման ճանապարհին», - ավելի ուշ` գագաթնաժողովի մասնակիցների պատվին հրավիրված ճաշկերույթին, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: - «Մենք պետք է ջանքեր գործադրենք` ինքնուրույն կերպով գտնելու ներտարածաշրջանային քաղաքական հիմնախնդիրների լուծումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG