Մատչելիության հղումներ

Ստամբուլում բացվել է ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովը


Այսօր Ստամբուլում բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցութան կազմակերպության (ՍՏՀԿ) գագաթնաժողովը, որը նվիրված է կազմակերպության հիմնադրման 15-ամյակին:

Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանը: Երեկ նախարարն արդեն հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Թուրքական աղբյուրները նշում են, որ Հայաստանի նախագահը կազմակերպության տասնամյակի գագաթնաժողովին էլ ներկա չի եղել:

«Ֆրանսպրես»-֊ը փաստում է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ներկայացված է արտգործնախարարով, մնացած բոլոր պետություններից եկել են նախագահները կամ վարչապետները:

Նույն աղբյուրի վկայությամբ՝ Վարդան Օսկանյանը Ստամբուլում ասել է.֊ - «Մենք պետք է ափսոսանք հայտնենք, որ կազմակերպության քաղաքական ներուժը լիովին չի օգտագործվում»:

«Թրքիշ դեյլի նյուզ»-֊ը, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, այսօր ենթադրություն է անում, որ «Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում երեւալ Թուրքիայում հաջորդ տարի կայանալիք ընտրություններից առաջ»:

Ստամբուլում վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ստամբուլի գագաթնաժողովին մասնակցում են Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի նախագահները, Հունաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունթեր Ֆերհոգենը:

1992 թվականի հունիսի 25-ին Թուրքիայի, Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները Ստամբուլում ստորագրել են համապատասխան հռչակագիր եւ այսպես կոչված Բոսֆորի հայտարարությունը Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությունը ստեղծելու մասին:

Կազմակերպության հետ դիտորդի կարգավիճակով համագործակցում են 13 պետություններ, այդ թվում են ԱՄՆ-ը եւ մի շարք եվրոպական ու արաբական երկրներ:

Կառույցի հիմնական նպատակն է խթանել Սեւ ծովի տարածաշրջանի պետությունների տնտեսական քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությունը:

Այս գագաթնաժողովի օրակարգում հիմնական հարցերից կլինի Կասպյան տարածաշրջանում արդյունահանվող էներգակիրների փոխադրումը:

«Թրքիշ դեյլի նյուզ» օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիան ցանկանում է այս տարվա ընթացքում Բուրսայում բացել Սեւծովյան տնտեսական համագործակցության առեւտրի կենտրոնը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG