Մատչելիության հղումներ

Ստամբուլում ռոք փառատոնը կարող է ձախողվել


Ստամբուլը կարող է հրաժարվել «Կենդանի Երկիր» (Live Earth) ռոք փառատոնի իր հատվածից` հովանավորների պակասի պատճառով:

Հուլիսի 7-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Թուրքիայում անցկացվելիք հսկայական փառատոնի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, ստամբուլյան համերգի կազմակերպիչ Purple Concerts ընկերության պաշտոնյա Չենգիզխան 3իլդանը ասել է. - «Հովանավորների եւ կառավարության աջակցության մակարդակը հավասար է զրոյի, ոչ ոք հետաքրքրված չէ»:

Միաժամանակ, նա հերքել է թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունները, թե Ստամբուլի համերգն արդեն չեղյալ է հայտարարված:

«Ոչ ոք դա չի ուզում, մենք հիմա քննարկում ենք ավելի փոքր շոուներ կազմակերպելու հնարավորությունը», - ասել է 3իլդանը:

Purple Concerts ընկերության պաշտոնյայի խոսքերով, այս օրերին թուրքական իշխանություններին հետաքրքրող միակ թեման հուլիսի 22-ի ընտրություններն են: Ահաբեկչական գրոհների եւ բնապահպանական կազմակերպությունների բողոքի ցույցերի վտանգը վանում է հովանավորներին:

«Կենդանի Երկիր» փառատոնի գլխավոր նախաձեռնողներից մեկը ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորն է: Նա ասել է, թե շատ է ցանկանում, որ համաշխարհային փառատոնի Ստամբուլի համերգն էլ տեղի ունենա: Գորը խոստացել է հատուկ նամակ գրել վարչապետ Ռեջեփ Էրդողանին` փառատոնի կազմակերպիչներին աջակցելու խնդրանքով:

Չենգիզխան 3իլդանն ասել է, որ, հավանաբար, Ստամբուլի փառատոնին կմասնակցեն միայն թուրք աստղերը:

Փառատոնի շրջանակներում համերգներ են նախատեսված նաեւ Լոնդոնում, Նյու 3որքում, Տոկիոյում, Շանհայում, 3ոհանեսբուրգում, Սիդնեյում, Ռիո դե Ժանեյրոյում եւ Համբուրգում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG