Մատչելիության հղումներ

Սարգսյանը հերքում է իր եւ Քոչարյանի փոխհարաբերությունների սրման մասին տեղեկատվությունը


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը հերքեց «Հայք» օրաթերթի նախորդ օրվա հրապարակումը, թե իր եւ Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերությունները գնալով սրվում են, եւ որ օրերս ինքը փոքրաթիվ պատվիրակությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին եւ նրան առաջարկել հրաժարական տալ արդեն սեպտեմբերին:

«Ես չգիտեմ, թե դա որ թերթում է: Չեմ էլ կարծում, որ լուրջ թերթը այդպիսի բաներ կհրապարակի», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց վարչապետը:

Իսկ հարցին, թե կառավարության նույն օրվա նիստում հաստատված հնգամյա ծրագրում ինչպե՞ս են արտացոլվում երկրորդ սերնդի բարեփոխումները, վարչապետը պատասխանեց. - «Անցած 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ նախագահին հաջողվել է ստեղծել նախապայմաններ, կա բավականաչափ ներուժ: Ստեղծվել են բավականաչափ օրենքներ, բարեփոխվել է իրավական դաշտը, եւ հիմա անհրաժեշտություն կա այդ բարեփոխումները լցնել իրական կյանքով, միս ու արյունով: Երբ այդ օրենքները սկսեն լիարժեք գործել, այն ժամանակ ժողովուրդը շատ ավելի մոտիկից կզգա բարեփոխումների շունչը»:

«Կարծում եմ, որ Ազգային ժողովը հավանություն կտա [կառավարության ծրագրին]», - շարունակեց վարչապետը` փաստարկելով. - «Որովհետեւ այդ ծրագիրը արդեն հասցրել ենք քննարկել մեր կոալիցիոն գործընկերոջ հետ: Բացի դրանից, Հանրապետական կուսակցության ողջ խմբակցությունը մասնակցել է ծրագրի քննարկմանը: Այնպես որ, այդ մարդիկ իրենց եւ կառավարության համատեղ ծրագիրը պետք է քննարկեն, եւ չեմ կարծում, թե ինչ-որ անակնկալներ կարող են հանկարծ լինել»:

Վարչապետը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց Ոստիկանության զորքերի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ անցկացվող զորահանդեսին: Զորահանդեսը ընդունեցին Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, Ոստիկանության զորքերի կազմավորման 15-ամյակի կապակցությամբ, վարչապետ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի ուսումնական զորամասին հանձնեց մարտական դրոշ` որպես զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ:

Նախագահի հրամանագրով, Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գրիգոր Գրիգորյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում: Իսկ Ոստիկանության զորքերի մի շարք սպաներ եւ ենթասպաներ, իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգեւատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Մարտական ծառայության» եւ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով: Մի շարք սպաներ եւ ենթասպաներ պարգեւատրվեցին Հանրապետության վարչապետի հուշամեդալով:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG