Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը պաշտպանում են 200-ից ավելի կոնգրեսականներ


Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի աջակիցների թիվը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հասել է 202-ի:

Թիվ 106 բանաձեւի նախագիծը, որը այս տարվա հունվարին ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատին են ներկայացրել Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Բրեդ Շերմանը եւ Թադեուս ՄըքՔոթերը, ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում «ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում», եւ «մեկուկես միլիոն հայերի սիստեմատիկ եւ կանխամտածված բնաջնջումը ճշգրիտ կերպով ցեղասպանություն որակել նախագահական ամենամյա ուղերձում»:

Ադամ Շիֆը մամուլի համար արած իր հայտարարությունում «կարեւոր հանգրվան» է որակել 200-ից ավելի կոնգրեսականների աջակցությունը նախագծին: Այդ փաստը նա համարել է այն բանի ապացույց, որ «Կոնգրեսի անդամները եւ նրանց ընտրողները հավատում են, որ մեկուկես միլիոնից ավելի կյանք խլած ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է»:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը շեշտել է, որ «Հայոց ցեղասպանության բանաձեւը եւս մեկ կարեւոր շեմի հասավ»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, իր հերթին, քաջալերիչ փաստ է համարել աճող երկկուսակցական աջակցությունը Հայոց ցեղասպանության բանաձեւին եւ հույս է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատը այն կընդունի «առաջին իսկ հնարավորության դեպքում»:

Բանաձեւին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ Միացյալ Նահանգներում գործող չորս տասնյակից ավելի կազմակերպություններ, այդ թվում` հրեական, հունական, ռուսական, հունգարական, լեհական, չեխական եւ այլ ազգային համայնքների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG