Մատչելիության հղումներ

«Եկեք, մեզ հետ շահագործեք մեր ժանգոտ, խեղճ ռադարը»


Նման վերնագրի ներքո «Ինթերնեյշնլ Հերալդ Թրիբյուն»-ում հրապարակած հոդվածում Մոնտանայի համալսարանի Կենտրոնական եւ Հարավ-արեւմտյան Ասիայի հետազոտությունների ծրագրի Կովկասի բաժնի վերլուծաբան Թոմաս Գոլցը փորձում է պարզաբանել, թե ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը Մեծ ութնյակի գագաթնաժողովում Ջորջ Բուշին առաջարկել միասին շահագործել Գաբալայի կայանը:

«Ադրբեջանը շատ առումներով տրամաբանական ընտրություն է, քանի որ մոտ է Իրանին եւ Մերձավոր Արեւելքին: Հնամաշ լինելով հանդերձ` Գաբալան շարունակում է կատարել իր լրտեսական ֆունկցիաները: Գաբալայի կայանը Ադրբեջանում ռուսական վերջին ռազմական ներկայությունն է», - գրում է Գոլցը` առաջ քաշելով Ռուսաստանի նախագահի առաջարկի երեք հավանական շարժառիթ:

Դրանցից առաջինը, ըստ նրա, Պուտինի ցանկությունն է, որ ամերիկացիները շահագործեն դրսի աշխարհի, այլ ոչ թե Ռուսաստանի վրա ուղղված ռադար:

Երկրորդ, զիջելով Ադրբեջանում իր ռազմական սեփականության մի մասը ամերիկացիներին` Պուտինը նրանց վրա է դնելու պատասխանատվության բեռը եւ հետո սպասելու է, թե երբ է հասունանալու տեղացիների վրդովմունքը, որի հիմքում կարող են լինել բնապահպանական, սոցիալական կամ քաղաքական խնդիրներ:

Երրորդ, ամերիկացիների հետ կնքելով կայանի համատեղ շահագործման համաձայնագիրը` անցած 15 տարիների ընթացքում առաջին անգամ ռուսները ձեռք կբերեն Ադրբեջանում օրինական կարգով ռազմական ներկայության իրավունք: Եվ քանի տարի ամերիկացիներին պետք կգա Գաբալան` այդքան ժամանակ էլ ռուսները կլինեն այնտեղ: «Իհարկե, եթե ամերիկացիներին տեղացիները չխնդրեն հեռանալ, ինչպես եղավ Ուզբեկստանի պարագայում», - հավելում է վերլուծաբանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG