Մատչելիության հղումներ

Ահարոն Ադիբեկյան. «Հիմնական պայքարը կծավալվի Բակո Սահակյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ»


«Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում պայքարը հիմնականում կծավալվի Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Բակո Սահակյանի եւ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի միջեւ, թեպետ «նրանք տարբեր քաղաքական քաշ ունեն»:

Վերլուծելով «Սոցիոմետր»-ի կողմից Ղարաբաղում անցկացված հարցումների արդյունքները` Ադիբեկյանը հավանական հաղթող է համարում Բակո Սահակյանին, քանի որ հարցվածների 40 տոկոսից ավելին ասել են, որ նա կարող է եւ ունակ է նախագահ լինել, իսկ մոտ 60 տոկոսն էլ` որ նրան են ընտրելու առաջիկա ընտրություններում:

Սահակյանին ընտրել ցանկացողները հիմնականում նրան բնութագրել են որպես բարի, հոգատար, ժողովրդի մասին մտածող: Ինչպես պարզաբանեց սոցիոլոգը,պատերազմին մասնակցության գործոնը ղարաբաղցիների համար գնալով կորցնում է վարկանիշը, իսկ սոցիալական խնդիրների լուծումը դառնում է առավել առաջնային:

Երբ լրագրողներից մեկը նկատեց, որ վերջին շրջանում բավական հաճախ այցելել է Ղարաբաղ, եւ իր սեփական դիտարկմամբ` ավելի շատ էին Մայիլյանի կողմնակիցները, Ահարոն Ադիբեկյանը մասամբ համաձայնեց` ասելով. - «Ստեփանակերտում, ինչքան հիշում եմ, մոտ 9-10 տոկոս վարկանիշ ունի [Մայիլյանը]: Շրջաններ կան, որտեղ ընդհանրապես նրան չեն էլ ճանաչել: Միջինացվածը նրա մոտ 5-6 տոկոսի սահմաններում է: Բայց դա մեկնարկ է»:

Ինչպես ցույց է տվել հարցումը, Մասիս Մայիլյանին ցանկանում են նախագահի աթոռին տեսնել մարդիկ, ովքեր գնահատում են կրթվածությունն ու գիտելիքները. - «Կիրթ լինելու առումով նա գերազանցում է Բակո Սահակյանին, որովհետեւ սովորել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում: Դա բավական մեծ գործոն է, որ նա կարողանա ձայներ գրավել: Բայց ո՞ւմ մոտ` հասկացող, գրագետ ընտրողների մոտ, որոնց տոկոսային հարաբերությունը այնքան մեծ չէ»:

Հարցման արդյունքներից, ըստ Ադիբեկյանի, պետք է ենթադրել, որ Սահակյանը մարդկանց ֆինանսապես օգնել է, կամ էլ, ղեկավարելով ուժային կառույց, օգնել է` միջնորդելով դատավորներին եւ դատախազներին, իսկ Մայիլյանը կամ մարդկանց չի օգնել, կամ էլ քիչ է օգնել. - «Մասիս Մայիլյանը, միանշանակ, էլի մասնակից է պայքարի, բայց ֆինանսական, նյութական օգնություն չի ցուցաբերել, կամ արել է` փոքր մասշտաբով»:

Երբ լրագրողներից մեկը հիշեցրեց վերջերս քաղաքագետ Իգոր Մուրադյանի արած հայտարարությունը, թե «Բակո Սահակյանը թմրամոլ է», Ահարոն Ադիբեկյանը շեշտեց, որ դա սուտ է համարում, քանի որ նման կարծիքի իրենք չեն հանդիպել. - «Գոնե չուզողը կնշեր, որ «այս պատճառով չեմ ուզում»:

«Սոցիոմետր»-ը հետազոտել է նաեւ Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանի վարկանիշը: «70-72 տոկոսը գտնում են, որ նրա գործունեությունը բավական դրական է եղել: Դա բարձր վարկանիշ է, եւ ինձ թվում է, որ ունեն ուժեղ նախագահ, հեղինակավոր նախագահ, եւ եթե նա ինչ-որ մեկին աջակցի, պարզ է, որ նրան կվստահեն», - ասաց Ադիբեկյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG