Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Մենք ընդամենը մեր մոտեցումներն ունենք շատ եւ շատ հարցերի վերաբերյալ»


Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանելով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
Հրանտ Մարգարյանի հայտարարությունը, թե «Դաշնակցությունը այլընտրանք է թե’ իշխանությանը, թե’ ընդդիմությանը», ասաց, որ ՀՅԴ-ն այլընտրանք է իշխանությանը «իր ծրագրերով, իր կադրերով, իր աշխատելաոճով»:

«Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության աշխատանքի ոճը վերջին չորս տարիների ընթացքում բերեց նրան, որ դասական ընդդիմությունը խորհրդարան չանցավ», - հավելեց նա: - «Մեր աշխատելաոճը, մեր քննադատության ձեւը, մեր բանավեճի ձեւը այլընտրանքային է` համեմատ այն գործելաոճի, որ որդեգրել է մեր ընդդիմությունը»:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում ՀՀԿ-ի հետ հետագա հարաբերությունները, եթե Դաշնակցության թեկնածուն [նախագահական ընտրություններում] լինի ՀՀԿ-ի թեկնածուի միակ լուրջ մրցակիցը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Մենք Հանրապետական կուսակցության հետ թշնամի չենք: Մենք պարտնյորներ ենք, երկար ժամանակ ճանապարհ ունենք անցած եւ մենք ընդամենը մեր մոտեցումներն ունենք շատ եւ շատ հարցերի վերաբերյալ: Եվ մենք տեսնում ենք այդ հարցերի այլ լուծումը»:

Նրա խոսքերով` ով էլ լինի նախագահը, Հայաստանում կան արդեն մեխանիզմներ, որ թույլ չեն տա «դեպի դիկտատուրա երկրի գլորվելը»:

Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, այդ մեխանիզմները դեռեւս «այնքան կատարելագործված չեն». - «Եվ դրանք կատարելագործելու համար դաշնակցական նախագահը, կարծում եմ, ամենահարմարն է»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG