Մատչելիության հղումներ

Բաքվում բացվում է ՎՈւԱՄ-ի գագաթնաժողովը


Այսօր Բաքվում բացվում է ՎՈւԱՄ-ի երկրների գագաթնաժողովը, որը շարունակվելու է երկու օր:

«Ֆրանսպրես»-ի հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովին մասնակցելու են Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի նախագահները եւ Մոլդովայի վարչապետը:

Բաքու են ժամանելու նաեւ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն եւ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը:

Ադրբեջանական ու վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, համաժողովին մասնակցելու են 25 երկրների եւ միջազգային 8 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Միավորված ազգերի կազմակերպությունից, ԵԱՀԿ-ից, ՆԱՏՕ-ից, Եվրոպայի խորհրդից:

Մինչ նախագահների հանդիպումը կանցկացվի արտգործնախարարների խորհրդի նիստը, կհանդիպեն տարբեր ոլորտների, ճյուղերի ղեկավարներ, փորձագետներ:

Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է ստորագրել մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր. Բաքվի հռչակագիրը, ՎՈւԱՄ-ի երկրների միջեւ համագործակցության եւ փոխօգնության մասին միջկառավարական համաձայնագիր, համաձայնագրեր բեռնափոխադրումների, մշակութային կապերի մասին:

Անցկացվելու են նաեւ հանդիպումներ ՎՈւԱՄ - ԱՄՆ, ՎՈւԱՄ - Ճապոնիա ձեւաչափերով, ընդունվելու են համատեղ հայտարարություններ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ներկայումս ՎՈւԱՄ-ը զարգացման երկրորդ փուլում է, վերածվում է միջազգային հեղինակավոր կազմակերպության, ՎՈւԱՄ-ի երկրները համագործակցում են էներգետիկ, տրանսպորտային ծրագրերով:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ասել էր, որ համաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն էներգակիրների տեղափոխման, մասնավորապես` Ադրբեջանից Ուկրաինա ուղղությամբ, եւ ՎՈւԱՄ-ի խաղաղապահ ուժերի ստեղծման հարցերը:

Նախատեսվում է էներգակիրները Ադրբեջանից Վրաստանի տարածքով, Սեւ ծովի հատակով տեղափոխել Ուկրաինա, այնուհետեւ` Արեւելյան Եվրոպա, Լեհաստան, այդպիսով շրջանցելով Ռուսաստանը:

Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա Ուկրաինայի նախագահը ակնկալում է, որ բանակցություններում դրանք ձեւավորելու հարցում առաջընթաց կարձանագրվի, եւ որ հակամարտ գոտիներում դրանք կգործեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ ԵԱՀԿ-ի մանդատով:

Վերլուծաբանները գտնում են, որ ՎՈւԱՄ-ը ձգտում է խաղաղապահ ուժեր ստեղծել, որպեսզի դրանցով փոխարինի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող ռուսական առաքելությունները: Ադրբեջանական կողմը ասել է, թե դրանք կարող են տեղակայվել նաեւ Լեռնային Ղարաբաղում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG