Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի պաշտոնակցի հետ հանդիպումը գերազանցել է Վրաստանի նախագահի բոլոր ակնկալիքները


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ երեկ Փարիզում հանդիպելուց հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին լրագրողներին ասել է, թե հանդիպումը «գերազանցեց բոլոր, նույնիսկ ամենալավատեսական ակնկալիքները»:

«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին հանդիպումը որակել է «ֆանտաստիկ» եւ հայտարարել, թե Ֆրանսիան Վրաստանի «շատ ուժեղ դաշնակիցն է» Եվրոպայում:

«Առհասարակ, մենք միշտ վայելել ենք Ֆրանսիայի աջակցությունը, սակայն այժմ իրավիճակը արմատապես փոխվել է, եւ այդ աջակցությունը ավելի կոնկրետ է դարձել բացարձակապես բոլոր ոլորտներում», - նշել է Վրաստանի նախագահը:

Նա ողջունել է Սարկոզիին` որպես «Եվրոպայում իրոք ուժեղ դիրքեր ունեցող քաղաքական գործիչ», եւ հավելել է. - «Ես կասեի, որ նա Եվրոպայի առաջնորդն է: Գեներալ Շարլ դը Գոլից հետո ոչ մի այլ ղեկավար չի վայելել [ֆրանսիացի ժողովրդի] նման վիթխարի աջակցությունը»:

Սահակաշվիլիի խոսքերով, Սարկոզին «շատ սկզբունքային դիրքորոշում» ունի Վրաստանին առնչվող խնդիրներում, եւ կենսական հարցերում իր եւ Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումները համընկնում են:

«Եվրոպայում ոչ մի այլ կառավարություն նախկինում նման դիրքորոշում չի ունեցել: Մենք միշտ զգացել ենք ընդհանուր աջակցություն եւ միշտ համագործակցել ենք յուրաքանչյուրի հետ, սակայն ոչ ոք նախկինում չէր արտահայտել նման կոնկրետ եւ պարզորոշ դիրքորոշում», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին, իր հերթին, լրագրողներին տեղեկացրել է, թե Ֆրանսիայի նախագահը վրաց պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ «ամենամոտ ապագայում» Վրաստան այցելելու որոշում է կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG