Մատչելիության հղումներ

Թրաֆիքինգի առումով Հայաստանի կարգավիճակը չի փոխվել


Երրորդ տարին շարունակ Հայաստանը տեղ է զբաղեցնում ԱՄՆ-֊ի Պետդեպարտամենտի` թրաֆիքինգի տեսակետից վտանգ ներկայացնող եւ վերահսկման ենթակա երկրների ցուցակի երկրորդ` միջին խմբում:

Համաձայն թրաֆիքինգի վերաբերյալ Պետդեպարտամենտի 2006 թվականի զեկույցի, Հայաստանը թրաֆիքինգի աղբյուր, նվազ չափով` նաեւ տարանցիկ երկիր է, որտեղից կանանց եւ աղջիկների են տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա` սեռական շահագործման նպատակով, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց են տեղափոխում Ռուսաստան` ստիպողական աշխատանքի համար:

Պետդեպարտամենտը ընդգծում է, որ «Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, թեեւ նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»:

Ըստ զեկույցի, երկրում բավարար ջանքեր չեն գործադրվում թրաֆիքինգի զոհերի ինքնության ճշտման եւ նրանց պաշտպանության, ինչպես նաեւ թրաֆիքինգի դեպքերին պաշտոնյաների հնարավոր հանցակցության բացահայտման ուղղությամբ: Մասնավորապես, վկայակոչվում է այն օրինակը, երբ գլխավոր դատախազության` թրաֆիքինգի դեմ պայքարով զբաղվող կառույցի ներկայացուցչի նկատմամբ անհամարժեք քննություն է իրականացվել, որի արդյունքում նա անմեղ է ճանաչվել, եւ գործը սահմանափակվել է նրա պաշտոնը իջեցնելով ու այլ կառույց տեղափոխելով:

«Հայաստանը պետք է վճռականորեն հետաքննի, դատական հետապնդման ենթարկի եւ դատապարտի թրաֆիքինգին հանցակից կառավարական պաշտոնյաներին», - հայտարարում է Պետդեպարտամենտը:

Որպես թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերի օրինակ` զեկույցում մատնանշված է, որ երկրում ինչպես սեռական, այնպես էլ աշխատանքային շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգը արգելված է Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով, որը այդ հանցագործությունների համար 3-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում է նախատեսում, ինչը «բավական խիստ պատիժ է եւ համաչափ է այլ հանցագործությունների համար սահմանված պատիժներին»:

Ըստ փաստաթղթում բերված տվյալների, 2006 թվականին Հայաստանում քննվել է թրաֆիքինգի 16 դեպք, ինչը 2-ով ավելի է 2005-ին քննված դեպքերից: Թրաֆիքինգի գործերով անցյալ տարի դատական հետապնդման է ենթարկվել 13 մարդ կամ 2005 թվականի համեմատ 3-ով պակաս: Բոլոր 13-ն էլ դատապարտվել են, ընդ որում, նրանցից 9-ը ազատազրկվել են 4-ից մինչեւ 5 տարով:

Մինչդեռ, Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում չհամաձայնեց ԱՄՆ-֊ի Պետդեպարտամենտի զեկույցում պարունակվող գնահատականներին:

Նա հայտնեց, որ թրաֆիքինգի մեղադրանքով «2006 թվականին ազատազրկման է դատապարտվել 24 անձ՝ 19 կին եւ 5 տղամարդ, որոնց ազատազրկման ժամկետը կազմել է մինչեւ 5 տարի»:

«Կարծում ենք, որ Պետդեպարտամենտի զեկույցում այնքան էլ համարժեք չի գնահատված Հայաստանի իրավապահ մարմինների աշխատանքը»,֊ - ասել է գլխավոր դատախազության խոսնակը:

Անդրադառնալով զեկույցում պարունակվող ենթադրություններին, թե իրավապահ մարմինների ներկայացուցիչները առնչություն ունեն թրաֆիքինգի հետ` Սոնա Տռուզյանը նշել է.֊ - «Զեկույցի հեղինակները ոչ թե պնդում են, այլ ենթադրում են, որ հնարավոր են այդպիսի դեպքեր: Այսինքն` չի արձանագրվել գեթ մեկ դեպք որեւէ պաշտոնյայի մեղսակցության վերաբերյալ, եւ որ այդ գործը կարճվեր: Եթե Պետդեպարտամենտը ունի կոնկրետ տվյալներ, մենք շատ շնորհակալ կլինենք, եթե այդ տվյալները մեզ տրամադրվեն»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG