Մատչելիության հղումներ

Սամվել Պետրոսյանի վրա կրակելու մեջ կասկածվող Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով


Հունիսի 11-֊ին Էջմիածնում Սամվել Պետրոսյանի վրա կրակելու մեջ կասկածվող Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով, այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

Այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով, անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1957 թվականին ծնված Սամվել Պետրոսյանը:

«Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով, ներկայացնելով իրավապահ մարմիններին TT տեսակի ատրճանակ մեկ պահունակով՝ առանց փամփուշտների, եւ խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը՝ վիճաբանել է իր հարեւանի հետ եւ կրակել նրա ուղղությամբ»,֊ - ասել է Գլխավոր դատախազության խոսնակը:

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տվյալներով՝ Սամվել Պետրոսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի վստահված անձանցից է:

Միաժամանակ Վաղարշապատի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ Մելիքսեթ Կոնդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Սամվել Պետրոսյանի վիճակը «կայուն է, չնայած մնում է ծանր»:

«Դրական դինամիկա կա, լավացման հույսեր ունենք»,֊ - ասել է Մելիքսեթ Կոնդյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG