Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը ստացավ պատգամավորական մանդատները


«Օրինաց երկիր» կուսակցությունից Ազգային ժողով ընտրված 8 պատգամավորները այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) ստացան իրենց մանդատները:

Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին կուսակցության կենտրոնական գրասենյակում, մի քանի պատգամավորների հետ մեկնել էր Վանաձոր:

Կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ խմբակցության ղեկավար եւ քարտուղար «Օրինաց երկիր»-ի խմբակցությունը դեռ չի ընտրել, բայց` ըստ ամենայնի, Արթուր Բաղդարայանը կղեկավարի խմբակցությունը, իսկ կուսակցության մյուս փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կդառնա խմբակցության քարտուղար:

«Հանձնաժողովներում ներկայացված կլինենք բոլորս», - ասաց Մհեր Շահգելդյանը:

Բայց դիմումներ այս կամ այն հանձնաժողովում աշխատելու ցանկությամբ, ԱԺ-ում «Օրինաց երկիր»-ից դեռեւս չեն ստացել:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը, որը, ինչպեսեւ «Օրինաց երկիր»-ը, հրաժարվել էր մանդատները ստանալ, քանի դեռ Սահմանադրական դատարանում քննարկվում էր ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի հայցը, եւ դեռ երեկ էր ստացել մանդատները, այսօր խորհրդարանում անցկացրեց իր առաջին նիստը: Խմբակացության ղեկավար ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ քարտուղար` Ստեփան Սաֆարյանը:

Նիստում ընդունվեց նաեւ խմբակցության կանոնադրությունը:

«Ժառանգության» պատգամավորներից Լարիսա Ալավերդյանի թեկնածությունն առաջադրվեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի, Վարդան Խաչատրյանինը` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, Անահիտ Բախշյանինը` գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, Ստեփան Սաֆարյանինը` արտաքին հարաբերությունների, Զարուհի Փոստանջյանինը` պետական-իրավական հարցերի, Արմեն Մարտիրոսյանինը` սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG