Մատչելիության հղումներ

Կոնգրեսական հանձնաժողովը Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարաչափ ռազմական օգնություն հաստատեց


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը երեկ հաստատել է մեկ շաբաթ առաջ համանուն ենթահանձնաժողովի ընդունած 2008 թվականի պետբյուջեի նախագիծը, որը պահպանում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության հավասարակշռությունը:

Ջորջ Բուշի վարչակազմը բյուջետային առաջարկում Հայաստանի համար նախատեսել էր 3 միլիոն 300 հազար, Ադրբեջանի համար` 5 միլիոն 300 հազար դոլարի ռազմական օգնություն:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը որոշում էր կայացրել երկու պետություններին հավասարաչափ` 3,3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:

Պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը 200-հազարական դոլարով ավելացրել է երկու երկրներին տրամադրվելիք օժանդակությունը եւ պահպանել ենթահանձնաժողովի առաջարկած հավասարակշռությունը:

3 միլիոն 500 հազար դոլարից 3 միլիոնը կտրամադրվի որպես ռազմական ֆինանսավորում, 500 հազարը` միջազգային ռազմական կրթության եւ ուսումնավարժանքների համար:

Հանձնաժողովը Հայաստանի համար հաստատել է ենթահանձնաժողովի առաջարկած 68 միլիոն դոլարի օժանդակությունը, ինչը 35 միլիոնով ավելի է վարչակազմի ներկայացրած առաջարկից, սակայն 7 միլիոն դոլարով պակաս 2007 թվականի մակարդակից:

Արտաքին հատկացումների հանձնաժողովը հաստատեց նաեւ Լեռնային Ղարաբաղին 6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին ենթահանձնաժողովի որոշումը: Մինչդեռ, վարչակազմը Ղարաբաղի համար որեւէ հատկացում չէր նախատեսել:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը գոհունակություն են հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը գերազանցում է վարչակազմի առաջարկածը: Նրանք խոստացել են շարունակել աշխատանքները` այն հասցնելու համար 2007 թվականի մակարդակին:

Քննարկումները կշարունակվեն Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում` մինչեւ հուլիսին սկսվող արձակուրդները:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG