Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով, Նյու Յորքի միջազգային դատարանում մոտ օրերս կլսվի բնապահպանության նախկին նախարար, Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ հայցի քննությունը: Թերթի աղբյուրի պնդմամբ, նա ամերիկյան մի հանքարդյունաբերող կազմակերպությունից գումար էր պահանջել: Հայցով ամերիկյան կազմակերպությունը նախկին բնապահպանից պահանջելու է 5 միլիոն դոլարի փոխհատուցում:

«Հայք» թերթը պնդում է, որ Դաշնակցությունը քննարկում է առաջիկա նախագահական ընտրությունների երկու թեկնածություններ՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյան եւ սոցապ նախարար Աղվան Վարդանյան:

Ըստ «Ժամանակ - Երեւան» թերթի, որեւէ եվրոպացի չի կարող հասկանալ, թե, ասենք, ինչն է ստիպել նախկինում «նախարար աշխատած, սեփական կլինիկա ունեցող, հմուտ մասնագետի համբավ վայելող Արա Բաբլոյանին մտնել խորհրդարան, եւ զբաղեցնել առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը». - «Ափսոս չէ՞ր այն գործը, որ անում էր պարոն Բաբլոյանը: Մեղք չէի՞ն նրա հիվանդները, որոնց այդպես հեշտությամբ լքեց պարոն Բաբլոյանը` բժշկի սպիտակ խալաթը փոխելով պատգամավորի վարկաբեկված աթոռով: Նույնը կարելի է ասել նաեւ Հարություն Քուշկյանի մասին. երկու հոյակապ կլինիկայի ղեկավար, կայացած բժիշկ ու բժշկական գործի կազմակերպիչ Քուշկյանը, թողնելով իր կլինիկաները, բազմեց առողջապահության նախարարի աթոռին»:

«Հարթակը պատասխանատվություն է, մեծ պատասխանատվություն», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից շատերն էին հետագայում խոստովանում, որ թեեւ բազմաթիվ ելույթներ են ունեցել միջագգային ամենաբարձր ամբիոններից, բայց իրենց կյանքի կարեւորագույն ելույթները Ազատության հրապարակում են ունեցել: Հարթակից հնչած յուրաքանչյուր ելույթ պիտի հենված լինի յուրատեսակ եռամիասնության վրա. միտք, նպատակ, վճռականություն: Չի կարելի գոռալ «ո'չ ռոբոտացմանը» եւ դա կրկնել 20-30 անգամ, որովհետեւ դա հասարակությանը ռոբոտացնելու ամենակարճ ճանապարհն է, իսկ ռոբոտները, ինչպես հայտնի է, ազատության համար չեն պայքարում»:

«Ազգ»-ը գրում է. - «ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հանձնաժողովում հնարավոր է, որ աշխատեն տարբեր խմբակցություններից ընտրված մի քանի կին պատգամավորներ. «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, իսկ նրանց ղեկավարելու է հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Ինչպես «Արմենտելի» գովազդում` թեժ է լինելու»:

«Ֆուտբոլ plus» օրաթերթում Երեւանի պետական համալսարանի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Կամո Ալեքսանյանը կանխատեսում է. - «Հենց այս տարի` 2007 թվականին, մեր տաղանդավոր գրոսմայստեր, Աշխարհի գավաթակիր ու օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանը կհռչակվի շախմատի աշխարհի չեմպիոն: Իմ այս կանխատեսումը ծնվել է որոշակի հաշվարկների արդյունքում, որոշակի տարիների ընթացքում հայազգի գրոսմայստերների` աշխարհի չեմպիոն դառնալու պարբերականության հաշվառմամբ: Հիշենք, որ 1963 թվականին Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի առաջին հայազգի չեմպիոնը: Նրանից 22 տարի անց (22 տարեկան հասակում)` 1985 թվակականին, եւս մեկ հայազգի գրոսմայստեր` Գարրի Կասպարովը, հռչակվեց աշխարհի չեմպիոն: Այդ ժամանակից անցել է դարձյալ 22 տարի, եւ մեր տաղանդաշատ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հնարավորություն է ստացել հավակնորդների մրցաշարում պայքարելու շախմատային թագի համար: Նախախնամությունը հուշում է, որ 2007-ը լինելու է Լեւոն Արոնյանի հաղթանակի տարին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG