Մատչելիության հղումներ

Բելլա Քոչարյանի աշխատանքային այցը Գյումրի


Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ երեքշաբթի օրը աշխատանքային այցով ժամանել է Գյումրի:

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում Բելլա Քոչարյանը ներկա գտնվեց դերասանի թոռնուհու` Իրեն Տերտերյանի կողմից թանգարանին մոտ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությանը:

Իրեն Տերտերյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ 1994 թվականին Արգենտինա տեղափոխվելիս Մհեր Մկրտչյանի դուստրը (Իրենի մայրը) իր հետ տարել էր դերասանի արխիվը: Իրենը այդ բոլոր նյութերը այսօր նվիրեց Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանին:

Բելլա Քոչարյանի մասնակցությամբ Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Ֆրանսիայից ներկրված շրջիկ գրադարանի բացումը: Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին:

Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը իր խոսքում հավաստիացրեց, որ շրջիկ գրադարանը կայցելի մարզի բոլոր համայնքներն եւ նվիրատվություններ կկատարի տեղի գրադարաններին:

«Այժմ բոլորը մտահոգված են, որ երիտասարդները քիչ են կարդում», - ասաց Բելլա Քոչարյանը: - «Մենք ուզում ենք նորից վերակենդանացնել գրքի դերը եւ վերադարձնել երիտասարդներին»:

Նախատեսված է նաեւ Հայաստանի առաջին տիկնոջ հանդիպումը Գյումրիի գեղագիտական կենտրոնի սաների հետ:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG