Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ներքաղաքական նոր իրավիճակի անդրադարձների մեջ թերթերի ուշադրության կենտրոնում Դաշնակցության նոր կարգավիճակն է: «2,5-անոց իշխանություն», - որակում է «Առավոտ»-ը: «Վերջապես գտնվեց բանաձեւը», - ավետում է «Հայոց Աշխարհ»-ը՝ բայցեւ հարցնելով. - «Կաշխատի՞ այն, թե՞ ոչ»:

«Ժամանակ - Երեւան»-֊ը այսպիսի մռայլ գույներով է նկարագրում նորընտիր խորհրդարանը. - «Արձանագրենք, որ ունենք հերթական «սարսափ» խորհրդարանը, որտեղ կրիմինալի, տգիտության, ծառայամտության, փողի պաշտամունքի մթնոլորտ է տիրելու: Որի ընդունած օրենքները մեր երկրին եւ ժողովրդին ոչ մի լավ բան չեն խոստանում: Սակայն սա այն է, ինչին արժանի ենք մենք բոլորս, քանզի հանդուրժել ենք եւ հանդուրժելու ենք: Քանզի ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»:

«168 ժամ»-ը գրում է. - «Դաշնակցությունն ի վերջո կարողացավ ե'ւ իշխանության մաս կազմել, ե'ւ ցանկացած պահի ընդդիմություն դառնալու իրավունքը պահպանել: Սա, անշուշտ, քաղաքական «սկզբունքայնության» խիստ յուրօրինակ դրսեւորում է: Մնում է, որ Դաշնակցությանը ձայն տված 170 հազար ընտրողները կարողանան կողմնորոշվել՝ ի վերջո, իրենք իշխանությունների՞ն են ձայն տվել, թե՞ ընդդիմությանը»:

«Առավոտ»֊-ը նկարագրում է, թե ինչպես էր նորընտիր պատգամավորներից մեկը երեկ ստանում մանդատը. - «Թիվ 19 ընտրատարածքից ընտրված Սեյրան Սարոյանը երկար նայեց իր պատգամավորական մանդատին: Հարցրինք՝ նկարը սիրո՞ւն է: «Ես եմ սիրուն, ես»,֊ - արձագանքեց նորընտիր պատգամավորը»:

«Հայոց Աշխարհ»-֊ն անդրադարձել է Սահմանադրական դատարանում շարունակվող լսումներին. - «Անկախ նրանից, թե ինչ կորոշի Սահմանադրական դատարանը, փաստն այն է, որ կոնկրետ խախտումների մասին (հիմնավոր կամ անհիմն) տվյալներ պարունակող նյութերը՝ դիմող կողմի փաստարկներում եւ հիմնավորումներում, որոնց առյուծի բաժինը ներկայացրել է «Օրինաց երկիրը», վերաբերում են 1923 ընտրատեղամասերից ընդամենը 68-ին։ Դե, իսկ սահմանված կարգով եւ սահմանված ժամկետում բողոքարկված խախտումների թիվը կրկնակի պակաս է։ Ինչպես իր ելույթում փաստեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, դրանք վերաբերում են ընդամենը 32 տեղամասերի, այսինքն՝ երկրի տարածքում գործող ընտրատեղամասերի 1,66 տոկոսին։ Հետեւաբար, նույնիսկ եթե ընդունենք, որ նշված բոլոր խախտումները համապատասխանում են իրականությանը, դրանք ակնհայտորեն չէին կարող եւ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»։

«Հայկական ժամանակ»֊-ը՝ Գյումրիում տիրող վիճակի, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի մասին. - «Հավանաբար, երկրում քիչ կան բնակելի վայրեր, որոնք կկարողանան համեմատվել հանրապետության երկրորդ քաղաքի հետ: Մեղադրել քաղաքի բնակիչներին սխալ է, նրանք ստիպված են հանդուրժել, քանզի գիտեն, որ այս ընտանիքին ներվում է ամեն ինչ՝ այն անձեռնմխելի է: Վարդանիկն ունի երկու հզոր զենք՝ սեփական գժի թուղթն ու բոլոր բարձրաստիճան նժդեհականներին տրամադրվող անպատժելիությունը: Փաստորեն, կարելի է ասել, որ ծայրահեղ լկտիությունը քաղաքում դարձել է իրականություն, եւ հենց այն է որոշում բարքերը, խաղի կանոններն ու կյանքի նորմերը»:

Եվ իհարկե, հայաստանյան թերթերն անդրադարձել են հայաստանցի ֆուտբոլիստների երեկվա հաղթանակին: «Հայաստանի Հանրապետություն»-֊ը վերլուծում է. - «Հավաքական֊ - ֆուտբոլասեր հարաբերության մեջ վաղուց ստեղծվել էր մի փակ շրջան. երբ թիմն անհաջող էր խաղում, ֆուտբոլասերն էլ անտարբեր էր նրա ելույթների նկատմամբ, եւ որովհետեւ ֆուտբոլասերն անտարբեր էր, նաեւ այդ պատճառով էր հավաքականը վատ հանդես գալիս: Սակայն Ղազախստանի հավաքականի հետ հանդիպմանը մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին դուրս գալու փակ շրջանից, ֆուտբոլասերի բուռն արձագանքը չուշացավ, ինչի վկայությունն էլ, անխոս, երեկվա հաղթանակի գումարելիներից է»:

Իսկ «Ագզ»-֊ը փաստում է. - «Ցնծություն էր մարզադաշտում, ցնծություն տներում՝ հեռուստացույցի առաջ նստածների մոտ: Վաղուց Երեւանում ֆուտբոլասեր երիտասարդները փողոցներում «Հայաստան, Հայաստան» չէին գոռացել այսպես ինքնաբուխ եւ հպարտ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG