Մատչելիության հղումներ

Կոալիցիոն փաստաթուղթը ստորագրվեց


Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-֊ը ստորագրեցին կոալիցիոն փաստաթուղթը, իսկ Դաշնակցությունը` կոալիցիայի հետ համագործակցության համաձայնագիր:

Փաստաթղթերի ստորագրման արարողությանը մասնակցեցին` Հանրապետական կուսակցության կողմից` վարչապետ Սերժ Սարգսյանը եւ գործող խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից` կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ղեկավար անդամ Իշխան Զաքարյանը, Դաշնակցության կողմից` կուսակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատներ է հանձնելու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրված խորհրդարանականներին:

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը ճշտել է համամասնական ընտրակարգով խորհրդարան անցնելիք հանրապետականների ցանկը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, Հանրապետականի խմբակցությունը ղեկավարելու է Կարեն Կարապետյանը: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կուսակցությունը վերստին առաջադրելու է Տիգրան Թորոսյանի թեկնածությունը, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի պաշտոնում` Գագիկ Մինասյանին, պետա-իրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Դավիթ Հարությունյանին: Հրանուշ Հակոբյանի թեկնածությունը այս անգամ էլ կառաջադրվի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի պաշտոնում: Նոր ստեղծվելիք` եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը վերապահվելու է «Բարգավաճ Հայաստան»-ին, թերեւս` Ավետ Ադոնցին:

Կարեն Կարապետյանը գործող խորհրդարանի «Ժողպատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավարն է: «Ժողպատգամավոր»-ին անդամակցած եւս երեք պատգամավորներ` Առաքել Մովսիսյանը, Մկրտիչ Մինասյանը եւ Վլադիմիր Բադալյանը, այժմ նույնպես հանրապետականների շարքերում են:

Հանրապետականի համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորների մասին «Ազատություն» ռադիոկայանի` հավաստի աղբյուրներից ստացած տեղեկություններով, խորհրդարան կտեղափոխվեն ներկայիս երեք նախարարներ` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Ցուցակում տեղ է գտել նաեւ Երեւանի Շենգավիթ համայնքի ղեկավար Մարտին Սարգսյանը:

Պատգամավոր կդառնա գործող խորհրդարանի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես նաեւ նրա որդին` Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանը:

«ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը, ով Արմավիրի ընտրատարածքներից մեկում չկարողացավ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթել Երկրապահ կամավորականների միության տեղական կառույցի նախագահ Ռուստամ Գասպարյանին, խորհրդարան կմտնի համամասնական ընտրակարգով` նա Հանրապետականի ցուցակի 40-րդ տեղում է:

Հանրապետականից այն նախարարները, որոնք տեղ չեն գտել ցուցակում, այս կամ այն կերպ ներկայացված կլինեն ձեւավորվելիք կառավարության կազմում:

Դաշնակցությունից Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում վերստին առաջադրվելու է Վահան Հովհաննիսյանի, իսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Արմեն Ռուստամյանի թեկնածությունները, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել գյուղատնտեսության ներկայիս նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Աղվան Վարդանյանը, ովքեր, ամենայն հավանականությամբ, կպահպանեն իրենց նախարարական պաշտոնները:


Ռուզան Խաչատրյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG