Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա Մեծ ութնյակի գագաթնաժողովը


Մեծ ութնյակի պետությունների ղեկավարներն այսօր հանդիպում են Գերմանիայում՝ Ռոստոկից 25 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք գտնվող Հայլիգենդամ բալթյան ավանում:

Ութնյակի 33-րդ հանդիպումը գումարվում է բարդ ժամանակաշրջանում՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում «նախասառըպատերազմյան» վիճակ է, որն ի հայտ է եկել Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղակայելու` Վաշինգտոնի մտադրության հետեւանքով:

Նախօրեին Պրահայում Ջորջ Բուշը հավաստիացրել է, որ հակահրթիռային համակարգը ոչ թե ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ, այլ տեղակայվելու է այսպես կոչված «վտարյալ» երկրներից՝ Իրանից, Հյուսիսային Կորեայից արձակված հրթիռները ոչնչացնելու համար:

Ենթադրվում է, որ այսօր տեղի կունենա սուր բանավեճ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ: Ըստ մեկնաբանների, ռուսները խոսելու են հակահրթիռային համակարգի տեղակայումից բխող վտանգի մասին, իսկ արեւմտյան երկրների ղեկավարները կարծարծեն Ռուսաստանում ազատությունների ոտնահարման թեման:

Ջորջ Բուշը երեկ Պրահայում արդեն խոսել է Ռուսաստանում ժողովրդավարության խնդիրների մասին:

«Ռուսաստանը շեղվում է բարեփոխումներից, որոնք ժամանակին ներմուծվել են քաղաքացիների իրավունքներն ընդարձակելու համար, դա մտահոգիչ երեւույթ է ժողովրդավարության զարգացման խնդրում: Լավ հարաբերությունների մի դրսեւորումը՝ տարաձայնությունների մասին անկեղծ խոսելու կարողությունն է: Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, սակայն մենք դա կանենք` չուրանալով մեր սկզբունքներն ու արժեքները», - ասել է Բուշը:

Գագաթնաժողովը, որի աշխատանքներին ութնյակի ղեկավարներից բացի մասնակցելու են եւս 10 երկրների ղեկավարներ, կտեւի երեք օր:

Հարյուրավոր հակագլոբալիստներ պատրաստվում են բողոքի լայնածավալ ակցիաներ անցկացնել: Գագաթնաժողովի օրերին կարգուկանոնն ապահովելու են Գերմանիայի բոլոր երկրամասերից ժամանած 16 հազար ոստիկաններ:

Անցած շաբաթ օրը հակագլոբալիստների կազմակերպած առաջին «փորձնական» ընդհարումների ընթացքում վնասվածք է ստացել շուրջ հազար մարդ, այդ թվում` առնվազն 140 իրավապահ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG