Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընդդիմադիրների դիմումները


Հայաստանի Սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը շարունակեց քննարկել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր չորս ուժերի ներկայացրած դիմումները:

5 տոկոսի շեմը չհաղթահարած «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները եւ «Իմպիչմենտ» դաշինքը պահանջում են անվավեր ճանաչել համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները: Իսկ նոր խորհրդարանում ներկայացված «Օրինաց երկիր»-ը պահանջում է վերահաշվարկ կատարել մոտ 200 ընտրատեղամասերում:

Դատարանը երեկ դիմող կողմերի շուրջ 10 միջնորդություններից բավարարեց սոսկ նրանք, որոնք վերաբերում էին այս կամ այն փաստաթղթի պատճենները տրամադրելուն: Մինչդեռ, դիմող կողմերի ներկայացուցիչները միջնորդում էին, որպեսզի որպես հարակից պատասխանողներ ներգրավվեն երկրի նախագահը, վարչապետը, տարբեր կուսակցությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները, որոնք չէին ստորագրել հանձնաժողովի մայիսի 19-ի որոշումը:

Միջնորդել էին նաեւ դատարան հրավիրել ԵԱՀԿ-ի այն դիտորդներին, ովքեր գրանցել էին անձնագրերում կեղծ ներդիրների փաստեր: «Իմպիչմենտ» դաշինքը միջնորդել էր կասեցնել ԿԸՀ-ի որոշումը եւ նշանակել փորձաքննություն:

Երեկվա նիստում «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը շարունակեց բացատրություններ տալ դիմումում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի, բոլոր հիմքերը կան պնդելու, որ խորհրդարանական ընտրությունը «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՀԿ-ի մասնակցությամբ «դադարել է Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված գործընթաց լինելուց»:

Նա փորձեց հիմնավորել, որ 2007-ի ԱԺ ընտրությունների ընթացքում խախտումները եղել են «զանգվածային, կազմակերպված եւ շարունակական», «կիրառվել է գոյություն չունեցող ընտրողների մեխանիզմը», «ընտրելու իրավունքից զրկվել են արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները»:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի խոսքը բնորոշեց «իրավագիտության հարթությունից դուրս» եւ մի քանի անգամ զգուշացրեց. - «Սա հարցի իրավական քննարկում է... Բայց դուք փորձում եք անձերի, մարդկանց տալ գնահատականներ, պիտակավորել»:

Սահմանադրական դատարանում հունիսի 1-ից մեկնարկած երեք դատական նիստերում չորս քաղաքական ուժերի առնվազն երկու ներկայացուցիչ երկուական ժամ ներկայացնում էին ընտրական գործընթացներին, խախտումներին վերաբերող` իրենց տրամադրության տակ եղած բոլոր փաստերն ու հիմնավորումները:

Իսկ պատասխանող կողմը` ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը երեկ ընդամենը 1,5 ժամում պատասխանեց հնչած բոլոր հարցադրումներին, ընտրախախտումների վերաբերյալ մեղադրանքներին` «սուբյեկտիվ», «օրենքի կամայական մեկնաբանությունների վրա հիմնված» որակելով դիմող կողմի դատողությունները: Նա կետ առ կետ հերքեց խախտումներին առնչվող բոլոր հայտարարությունները` վերջում միայն նշելով որոշ թերություններ, որոնք «չէին կարող էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG