Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Անհանգիստ հետընտրական Հայաստան» վերնագրի ներքո «Ազգ» թերթի մեկնաբանը, անդրադառնալով հետընտրական շրջանում տեղի ունեցած քրեական բնույթի միջադեպերին, փաստել է.- «Ռազբորկաների լոկալ բռնկումներն արձագանք էին ընտրությունների ժամանակ ծագած եւ հետո ավելի խորացած տարաձայնությունների, որոնց տակ եթե լավ դիտես՝ ապա տարբեր մեթոդներով ձայների ապահովման շուրջ գործելակերպի հակադրությունն էր հիմնական պատճառը»։ Մեկնաբանի համոզմամբ, «այս բոլորի ֆոնին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ շաբաթավերջին շատ ավելի խիստ էր եւ տարբերվում էր նախնական զեկույցից՝ այդպիսով տեղ թողնելով շատ ավելի խիստ վերջնական զեկույցի համար։ Այն, ի դեպ, կարող է օգտագործվել իբրեւ մահակ մեր պետության գլխին` իր բոլոր հետեւանքներով, իսկ այդպիսի զեկույցի չհանգեցնելու, պատկերը մեղմելու միջոցների մեջ են մտնում գոնե հայտնի ընտրակեղծիքների հեղինակների դատական պատասխանատվությունը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկողների գործերի քննության հրապարակայնությունն ու համոզիչ ելքերը»։

Ապագա կառավարության կազմավորման շուրջ ընթացող բանակցություններին անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը ընդգծել է.- «Հանրապետական կուսակցությունը, որն ի զորու է խորհրդարանում մեծամասնություն ապահովել սեփական եւ համախոհ անկախ պատգամավորների միացյալ ուժերով, արդեն հայտարարել է, որ չի խուսափում ստանձնել իշխանության ողջ պատասխանատվությունը»։ «Միաժամանակ Հանրապետականը ձեռնարկում է բոլոր ջանքերը առավել լայն քաղաքական համագործակցության կառավարություն ձեւավորելու համար», - շեշտել է մեկնաբանն ու հավելել. - «Այսօր արդեն պարզ է, որ խորհրդարանական չորս ուժերից Հանրապետականի հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու առաջարկ չեն ստացել երկուսը՝ «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները։ «Բարգավաճ Հայաստան»-֊ը եւ Դաշնակցությունը չեն էլ թաքցնում, որ ակտիվ բանակցություններ են ընթանում»։

Արձանագրելով, որ «ընտրություններից անցել է ավելի քան երկու շաբաթ, բայց մինչ օրս հայտնի չէ, թե ովքեր են լինելու մեր նախարարները, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, մարզպետները եւ այլն», «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ թե դա գաղտնի է պահվում, ու տեղեկատվության արտահոսք չի լինում, այլ այն պարզ պատճառով, որ այդ մասին դեռ ոչ ոք չգիտի: Չգիտեն անգամ նրանք, ովքեր որոշելու են կառավարության կազմը: Անգամ հայտնի չէ` քաղաքական որ ուժերը որքանով են մասնակից լինելու ապագա կառավարությանը»: «Բայց մի բան ակնհայտ է` այս անորոշ վիճակից առաջին հերթին հենց հանրապետականների նյարդերն են տեղի տալիս: Հատկապես նրանցը, ովքեր հավակնում են առանցքային պաշտոններ ստանալ թե խորհրդարանում եւ թե կառավարությունում», - պնդում է հոդվածագիրը:

Կառավարության կազմավորմանը ՀՅԴ-֊ի մասնակցության շարժառիթները գնահատելով` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին, շեշտադրել է. - «Չնայած ընտրություններից անմիջապես հետո Դաշնակցության առաջնորդները պնդում էին, որ նոր կառավարությունում չեն համաձայնի խորհրդանշական պաշտոնների, դրանք, ինչպես հիմա է պարզվում, կամ «տաք գլխով» արած հայտարարություններ էին, կամ Հանրապետականի հետ առեւտուր անելու ձեւ: Ըստ ամենայնի, կուսակցությունը պահպանելու է նույն խորհրդանշական պաշտոնները, որոնք մինչ այժմ ուներ` մի բան էլ գուցե պակաս»: Սակայն, թերթի գլխավոր խմբագրի կարծիքով, «շատ անտրամաբանական կլինի, եթե Դաշնակցությունը վերցնի Սերժ Սարգսյանից նրա առաջարկած պորտֆելները, իսկ դրանից հետո չպաշտպանի վերջինիս թեկնածությունը նախագահական ընտրություններում»:

«Ժամանակ Երեւան» թերթը գրում է. - «Այն բոլոր կուսակցություններն ու անհատները, ովքեր խորհրդարանական ընտրություններում հաջողություններ չարձանագրեցին, հակված են կարծել, որ Սերժ Սարգսյանի կողմից իրենց տրված խոստումները ուղղակի չկատարվեցին, դրա համար էլ չարացել են նրա դեմ: Այդ ուժերի մեջ են մտնում ոչ միայն ընդդիմադիր հակումներ ունեցող, այլեւ իշխանական հավակնություններ ունեցող կուսակցություններն ու պաշտոնների սպասողները: Այս դժգոհ ուժերը քաղաքակաւն դաշտում ջանում են ամեն ինչ անել՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հնարավորությունները փոքրացնելու համար։ Նրանց պոտենցիալ դաշինքին կարող են միանալ նաեւ առաջիկա կառավարության ձեւավորումից դժգոհ մնացած անձինք»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG