Մատչելիության հղումներ

Սարկոզին բանագնաց է գործուղել Անկարա


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցած կիրակի օրը Թուրքիա է գործուղել իր գլխավոր դիվանագիտական խորհրդական, Վաշինգտոնում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան-Դավիդ Լեւիտին:

Le Figaro թերթի փոխանցմամբ, բանագնացն Անկարայում կփորձի որոշակիորեն մեղմել թուրք - ֆրանսիական հարաբերություններում առկա լարվածությունը, որն ի հայտ է եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի հարցում Սարկոզիի հստակ բացասական վերաբերմունքի հետեւանքով:

Ըստ ֆրանսիական թերթի, «Սարկոզին չի խոչընդոտելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով հունիսին կայանալիք հերթական բանակցություններին, որովհետեւ ներկայումս զբաղված է այլ խնդիրներով»: Հունիսին Թուրքիայի եւ Եվրամիության ներկայացուցիչները պետք է քննարկեն բանակցային փաթեթի 35 հարցերից 3-ը:

Թուրքիայի արտաքին գործերի նիախարարությունը հաստատել է Ժան-Դավիդ Լեւիտի հետ բանակցությունների փաստը, նշելով, թե «քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր»:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ ստանձնելով նախագահի պաշտոնը` Նիկոլա Սարկոզին վերահաստատել է իր ընդդիմությունը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարի նկատմամբ եւ միաժամանակ նկատել է տվել, որ առայժմ մտադիր չէ ակտիվություն դրսեւորել այդ խնդրում:

Երեկ հրավիրած մամլո ասուլիսում Սարկոզին ասել է, որ մինչեւ այս տարվա դեկտեմբեր Թուրքիայի անդամակցությունը Եվրամիության օրակարգում առաջնահերթ խնդիր չի լինի: Նրա խոսքերով, այս պահին առավել հրատապ է ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցը, որը քննարկվելու է հունիսին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անցած շաբաթ զանգահարել է Սարկոզիին, շնորհավորել նրան նախագահ ընտրվելու առիթով ու առաջարկել «աշխատել ուղղակիորեն, այլ ոչ թե մամուլի միջոցով»:

Անկարայում հավատարմագրված մի ֆրանսիացի դիվանագետ, որի անունը չի հաղորդվում, ասել է, թե «այն փաստը, որ Լեւիտը Անկարա է մեկնել անմիջապես այդ հեռախոսազրույցից հետո, վկայում է, որ Փարիզը մեծ կարեւորություն է տալիս թուրք - ֆրանսիական հարաբերություններին»:

Սարկոզին առաջ է տանում մի գաղափար, ըստ որի, Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու փոխարեն կարող է առանցքային դեր կատարել «Միջերկրական միությունում»: Այդպիսի միություն ստեղծելու առաջարկի հեղինակը Սարկոզին է, Անկարան անընդունելի է համարում առաջարկը:

Թուրքիայի անդամակցության բանակցություններում օրակարգային 35 հարցերից 8-ի քննարկումները սառեցվել են, երբ Անկարան հրաժարվել է իր նավահանգիստներն ու օդանավակայանները բացել Եվրամիության անդամ Կիպրոսի համար:

Ֆրանսիան, ինչպես եւ Եվրամիության 26 անդամներից որեւէ այլ պետություն, կարող է խափանել բանակցությունները` արգելելով բանակցային փաթեթում ընդգրկված ցանկացած հարցի քննարկումը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG