Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյան. «Դաշնակցությունը կոալիցիա մտնելու որոշում դեռ չի կայացրել»


Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքեց տեղեկությունները, թե կուսակցությունն արդեն որոշել է մտնել կոալիցիա եւ իշխանության մաս կազմել:

«Նման համաձայնություն չկա, եւ հարցը, այսպես ասած, «բազարի» մեջ չէ, պորտֆելների կամ կադրերի հարցով չի պայմանավորված բանակցությունների ձգձգումը», - ասաց Հրանտ Մարգարյանը` ընդգծելով. - «Բանակցությունների ձգձգումը, ավելի շատ, սկզբունքային, հիմնական հարցերի շուրջ է»:

«Վերջին հաշվով, կարելի է կառավարության մաս կազմել տարբեր մոտեցումներով: Կարելի է ուղղակի կաշառվել մի քանի պորտֆելով եւ մաս կազմել կառավարության, կարելի է մաս կազմել կցորդի կարգավիճակով, կարելի է մաս կազմել գործընկերոջ կարգավիճակով` պատասխանատվությունը կիսելով, հստակեցնելով անելիքները եւ պատասխանատվություններն ու պարտականությունները: Մենք երրորդ ձեւին ենք ավելի շատ կողմնակից, եւ այս առումով է, որ ձգձգվում է», - նշեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը:

Ըստ Հրանտ Մարգարյանի, այս պահին ոչ թե պաշտոնների բաժանման հարցը չեն կարողանում լուծել, այլ ծրագրային այն առաջարկների, որոնք Դաշնակցությունը ներկայացրել է Հանրապետական կուսակցությանը եւ ցանկանում է, որ դրանք արտացոլված լինեն կոալիցիոն ծրագրում. - «Ինչ-որ ձեւով պետք է արտահայտված լինենք այդ ծրագրի մեջ: Կա, վերջապես, նվազագույն անխուսափելին, որ եթե չլինի` մենք չենք կարող մաս կազմել, մեր դերակատարության ձեւը, քաղաքական անկախության չափը»:

Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի հավաստմամբ, իրենց ներկայացրած ծրագրային սկզբունքների ընդունվելը եւ կուսակցության` իշխանության մաս կազմելը դեռ չի նշանակի, որ իրենք պարտավորվում են 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Այսինքն, կարող եք մաս կազմել իշխանության, բայց հետո սեփական թեկնածուո՞վ հանդես գալ եւ չպաշտպանե՞լ Սերժ Սարգսյանի թեկնածությունը», - այս հարցադրմանը Հրանտ Մարգարյանը արձագանքեց. - «Այո, ամեն ինչ հնարավոր է: Նման պայմանավորվածության ձեւը ինքնըստինքյան սխալ է: Մենք անկախ կուսակցություն ենք, ինքնուրույն կուսակցություն ենք, ինչպես որոշենք, այնպես կառաջնորդվենք: Մենք չեն կարող կուսակցական այդ անկախությունը ինչ-որ պայմանավորվածության զոհ դարձնել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG