Մատչելիության հղումներ

Հրդեհվել է ՀԺԿ-ի Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղարի բնակարանի դուռը


Անցած գիշեր հրդեհվել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցության) Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղարի բնակարանի դուռը:

Հրշեջները դեպքի վայր են ժամանել, երբ հրդեհն արդեն մարված էր: Շենքը սնուցող գազատար խողովակը անցնում է հրդեհված հատվածից երկու մետր հեռավորության վրա, ինչը կարող էր պայթյունի առիթ լինել:

Հայաստանի ժողովրդական կուսակցության Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանը,սակայն, համոզված է, որ «դեպքը ոչ թե իր գույքի, այլ իր անձի դեմ է ուղղված». - «Երջանիկ պատահականությամբ ես արթնացել եմ ժամը երեքին»:

«Բերել են դիտավորյալ պակրիշկա են դրել, վառել են, սալյարկա են լցրել դռանս վրա, վառել են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փարեմուզյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու էր թիվ 31 ընտրատարածքում:

Նա վիճարկել էր մայիսի 12-ի քվեարկության արդյունքները` անցած շաբաթ դիմելով Լոռու մարզի դատախազություն, ինչի կապակցությամբ երկու օր առաջ Փարեմուզյանն ու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը հրավիրվել էին դատախազություն:

«Ես իմ ցուցմունքում գրել եմ, որ կասկածում եմ, որ սա Վռամ Վանյանի եւ իմ մրցակից Կարեն Սարիբեկյանի կազմակերպածն է», - հավելեց Փարեմուզյանը:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG