Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ` գրեթե երեսնամյա ընդմիջումից հետո


Միացյալ Նահանգների ու Իրանի ներկայացուցիչները այսօր միմյանց հետ բանակցություններ են վարելու` երկու երկրների միջեւ առաջին պաշտոնական բանակցությունները 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո:

Պաշտոնական Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 1980 թվականին, երբ իրանցի ծայրահեղական ուսանողները գրոհել էին Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատունը եւ 444 օր պատանդ պահել դեսպանատան աշխատակազմը:

Այսօր դեսպանների մակարդակով երկկողմ բանակցությունները տեղի են ունենալու Իրաքի մայրաքաղաքում: Օրակարգում միայն Իրաքի անվտանգության, այդ երկրում բռնությունների դադարեցման եւ իրավիճակի կարգավորման հարցերն են: Չի բացառվում, որ կողմերի միջեւ փաստաթուղթ ստորագրվի:

«Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդում է, որ Իրանի պատվիրակությունը կիրակի օրն արդեն մեկնել է Բաղդադ:

IRNA գործակալության վկայությամբ, քննարկվելու են նաեւ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման, Իրաքի վերականգնման ծրագրերին Իրանի մասնակցության հարցերը:

Ըստ IRNA-ի հաղորդագրության, բանակցություններին մասնակցելու է նաեւ Իրաքի անվտանգության ծառայության ղեկավարը:

Այսօրվա հանդիպումը փորձագետները գնահատում են որպես առաջին ազդանշանը, որ պաշտոնական Վաշինգտոնը մտածում է երկարատեւ դադարից հետո Իրանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին:

Երկու երկրների միջեւ ներկայիս ամենամեծ տարաձայնությունը Իրանի միջուկային ծրագրերի շուրջ է: Բացի այդ, Միացյալ Նահանգները Իրանին մեղադրում է Իրաքի շիա մահմեդականների ծայրահեղական խմբավորումներին զինելու եւ այլ օժանդակություն ցուցաբերելու մեջ:

Իրանը, հերքելով այդ մեղադրանքները, իր հերթին, պնդում է, որ Իրաքում ամերիկյան զորքերի ներկայությունը խռովությունների, հուզումների պատճառ է հանդիսանում:

Շաբաթ օրը Իրանի արտգործնախարարը ասել է, թե Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցությունները հաջողություն կունենան միայն այն դեպքում, եթե պաշտոնական Վաշինգտոնը փոփոխի իր քաղաքականությունը Իրաքում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG