Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքագետները մեծ հույսեր չեն կապում համանախագահների հերթական այցի հետ


Ադրբեջանցի քաղաքագետները մեծ հույսեր չեն կապում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարած հերթական այցի հետ:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի ու ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի` երեկ Երեւանում հնչեցրած լավատեսական պնդումները, թե համաձայնության գալու համար 90 տոկոսով օբյեկտիվ պայմաններ են ստեղծված, ասել է. - «Համանախագահների լավատեսությունը նպատակ ունի ներշնչել հանրությանը, որ իրենց աշխատանքը արդյունավետ է: Իրականում, սակայն, նրանց գործունեությունը իմիտացիոն բնույթ ունի»:

«Իսկ արդյոք այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահն արդեն իսկ համաձայնել է Սանկտ Պետերբուրգում հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցի հետ, չի՞ վկայում հայկական կողմի` հարցը լուծելու պատրաստակամության մասին», - այս հարցին ի պատասխան` Ալիզադեն հայտարարել է. - «Քոչարյանը 22 թե 26 անգամ հանդիպել է ավագ Ալիեւի հետ, կարծես արդեն վեցերորդ թե յոթերորդ անգամ բանակցում է Իլհամ Ալիեւի հետ: Իրականում, սակայն, կողմերը պարզապես ներշնչում են իրենց ժողովուրդներին ու ողջ աշխարհին, թե հակված են խաղաղ կարգավորման գաղափարին»:

«Կարծում եմ, խաղաղության իսկական փնտրտուքը հնարավոր է, բայց դրանում պետք է ներգրավված լինեն ժողովրդական լայն զանգվածները: Դրա համար բանակցությունների սեղանին պետք է դրված լինի կարգավորման հստակ մոդել` կոնկրետ սահմանված ժամանակային ու պատասխանատվության շրջանակներով», - ամփոփել է ադրբեջանցի քաղաքագետը:

Բաքվում գտնվող Ֆասիեն ու Մերզլյակովը այսօր, ըստ ամենայնի, հստակ պատասխան կստանան` հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա՞ արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել էր. - «Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար հստակ որոշում է անհրաժեշտ, հարկավոր է այդ հանդիպման հիմքերը դնել, քանի որ նախագահների հանդիպումների ժամանակ կոնկրետ հարցեր են լուծվում»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG