Մատչելիության հղումներ

Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 7-րդ հերթափոխը


Չորեքշաբթի օրը Երեւանի մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ խաղաղապահ առաքելությամբ Կոսովո մեկնող հայ խաղաղապահների 7-րդ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությունը:

Կոսովոյի տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում Հայաստանի խաղաղապահ գումարտակի 34-հոգանոց հրաձգային դասակը: Վաղը արդեն 7-րդ հերթափոխը վեց ամսով կմեկնի Կոսովո:

«Մենք արդեն մեր կայուն ներդրումն ունենք միջազգային անվտանգության ապահովման գործում: Հայ խաղաղապահները ե’ւ Կոսովոյում, ե’ւ Իրաքում վստահելի գործընկերոջ համբավ են ձեռք բերել: Վստահ եմ, որ պատվով կկատարեք ձեր առջեւ դրված բոլոր խնդիրները», - ողջունելով հերթափոխի մեկնող զինծառայողներին` ասաց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: - «Ձեզ անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ»:

Հայ խաղաղապաները ծառայության բարձր մակարդակը, Հարությունյանի խոսքերով, գնահատում են նաեւ առաքելություն իրականացնող մյուս երկրները. - «Ուրիշ պետություններից մեկ քայլ անգամ ետ չենք: Կան ոլորտներ, որ մենք նրանցից շատ չէ, բայց միգուցե կես քայլ առաջ ենք»:

Կոսովոյում եւ Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացրած մեծ թվով զինծառայողներ այսօր պարգեւատրվեցին «Անդրանիկ Օզանյան» եւ «Վազգեն Սարգսյան» մեդալներով, պատվոգրերով:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG