Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 19-ը մայիսի)


«Հայք»-֊ը պնդում է. - «Երեկ Երեւանում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Վահան Հովհաննիսյանի դռնփակ հանդիպումը: Մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանը փորձել է հանդիպման մասնակիցներին հասկացնել, որ նոր կոալիցիայի ստեղծումը բխում է իշխանության շահերից: Այս հարցում Քոչարյանի հետ համակարծիք է եղել միայն Գագիկ Ծառուկյանը, իսկ Վահան Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը համաձայնել են վերապահումներով: Հանդիպման ընթացքում Քոչարյանը նաեւ ակնարկել է, որ արդեն այսօր պետք է հստակեցնել, թե 2008 թվականի նախագահական ընտրություններում ո՞վ պետք է լինի իշխանությունների միասնական թեկնածուն: Քոչարյանի այս արտահայտությունը խիստ վիրավորել է Սերժ Սարգսյանի ինքնասիրությունը: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մի քանի հանրապետականների ասել է, թե իրենք պետք է ամեն ինչ անեն, որ իրեն այլընտրանք չլինի, եւ որ Քոչարյանը վերջնականապես հասկանա, որ իր թեկնածությունը քննարկման առարկա չպետք է դառնա»:

«Առավոտ»֊-ի գլխավոր խմբագիրը փորձել է կռահել, թե ինչ տեղի կունենա առաջիկա նախագահական ընտրություններում. - «Իրենց նախագահական ամբիցիաների մասին արդեն իսկ հայտարարեցին Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը, Արշակ Սադոյանը, Սամվել Հարությունյանը: Չեմ զարմանա, որ վաղը-֊մյուս օրը նորից «ի հայտ գան» Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Այսպիսով, ընդդիմադիրներն արդեն իսկ պատրաստվում են կրկնել Ազգային ժողովի ընտրություններում իրենց սխալը՝ գնում են իրարից ձայներ խլելու ճանապարհով եւ նախագահական ընտրարշավից մի քանի ամիս առաջ «ապահովում են» սեփական պարտությունը: Մինչդեռ առաջին բանը, որը պետք է անեին արդեն «առաջադրված» 5 ընդդիմադիրները, «Օրինաց երկիր»-ի եւ «Ժառանգության», ինչու չէ, նաեւ Դաշնակցության հետ բանակցելն է՝ նախ եւ առաջ այն պատճառով, որ հենց այդ կուսակցություններն են տեղեր ունենալու ընտրական հանձնաժողովներում»:

«Ժամանակ Երեւան»֊-ի մեկնաբանը գրում է. - «Բարգավաճ Հայաստան»-֊ի համամասնական ցուցակը կարելի է համեմատել բաժնետիրական ընկերության հետ, որտեղ ամենափոքր բաժնեմաս ունեցողը հենց Գագիկ Ծառուկյանն է: Ամենախոշոր բաժնետերն, անշուշտ, Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն է: Հենց նա է ցուցակ մտցրել Արեւիկ Պետրոսյանին, Ավետ Ադոնցին, Ամալյա Սարիբեկյանին, Արտաշես Բախշյանին, Արամ Սաֆարյանին եւ այլոց: Էռնեստ Սողոմոնյանի միակ արժանիքն այն է, որ նա Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի հայրն է: Շամիրամ Աղաբեկյանը նախագահական աշխատակազմի կողմից «Բարգավաճ Հայաստան»-֊ի համամասնական ցուցակ է մտցվել «Ա1+»-ի փակման գործում իր արժանի ավանդը ներդնելու համար»:

«168 ժամ»֊-ը հիշեցնում է. -֊ «Երբ գործարար Հրանտ Վարդանյանը հիսունական դոլար էր բաժանում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներին, վերջիններս, եթե չենք սխալվում, չհրաժարվեցին գումարից: Հակառակը, երախտիքի խոսքեր էին մրմնջում մեծ բարերարի հասցեին՝ զուգահեռաբար ծոցագրպանում տեղավորելով գումարը: Իսկ տարին նախընտրական էր, առջեւում 2003 թվականի նախագահական, ապա եւ խորհրդարանական ընտրություններն էին: Հիսուն դոլարի կարգի գումար նույն գործարարը բաժանեց նաեւ հայ գրողներին, որոնց մեջ էլ հրաժարվողներ չեղան: Այդ դեպքում, ո՞ր տրամաբանությամբ եք ակնկալում, որ կաշառքից կհրաժարվի շարքային քաղաքացին»:

«Չորրորդ իշխանության» հոդվածագիրը մարդկանց բաժանում է երկու տեսակի՝ պայքարողների եւ ստորացողների: «Սերժ Սարգսյանի թիմում, օրինակ, պրոֆեսորներ կան, ակադեմիկոսներ կան, ովքեր խոսում են փայլուն հայերենով, մի քանի լեզուների են տիրապետում եւ այլն, բայց հաճույքով ստորանում են: Իսկ Իսրայել Հակոբկոխյանն, օրինակ, չի հանդուրժում, որ իրեն ստորացնեն, եւ պայքարում է», - գրում է հոդվածի հեղինակը` եզրակացնելով. - «Կարեւորն այն է, որ Հայաստանում դեռեւս ազատության համար պայքարողներ կան, եւ նրանց թիվն ավելանում է: Իսկ սա արդեն հաղթանակ է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG