Մատչելիության հղումներ

Տիգրան Կարապետյանը առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում


Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն այսօր հայտարարեց, թե առաջադրելու է իր թեկնածությունը 2008 թվականի նախագահական ընտրություններում, իսկ մինչ այդ «բարու դաշտ» է ստեղծում` պատրաստ լինելով «հանուն բարու հաղթանակի հանել իր թեկնածությունը մեկ այլ թեկնածուի օգտին»:

Ինչ վերաբերում է խորհրդարան չմտած ուժերի համախմբման կոչերին, ապա Տիգրան Կարապետյանն ասաց. - «Ստեղծել եմ բարի դաշտը ես. թող իրենք միանան ինձ»:

Տիգրան Կարապետյանի գնահատմամբ, նորընտիր խորհրդարանն արտացոլում է «իշխանությունների եւ արտաքին ուժերի դաշինքը». - «Հաղթել է փողը, եւ, ինչու չէ, ուժը»:

«Եվ հաղթել է, ի զարմանս, Ժողովրդական կուսակցությունը», - շարունակեց նա` պարզաբանելով. - «Որովհետեւ եթե ծայրահեղ ընդդիմությունը եւս ունեցել է ձայներ, այդ ձայները եղել են իշխանությունների դեմ: Մենք, լինելով կենտրոնամետ ուժ, տիրացել ենք ազնիվ ձայներին»:

Ժողովրդական կուսակցության ղեկավարը չի թաքցնում, որ իր ընտրազանգվածից եւս ընտրակաշառքով գայթակղվածներ են եղել: Սակայն բողոքարկել կամ վիճարկել ընտրությունների արդյունքները չի պատրաստվում. - «Չնայած ես համարում եմ, որ մեր ձայները տարել են, բայց այնպիսի սխեմա են կիրառել, որ մեր վստահված անձերը մեզ չեն զեկուցել այդ խնդիրների մասին»:

Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը մայիսի 12-ի քվեարկության նախնական արդյունքներով ստացել է շուրջ 37 հազար ձայն եւ չի հաղթահարել 5 տոկոսի շեմը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG