Մատչելիության հղումներ

Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայի նոր կառավարության կազմում չէ


Այսօր հայտարարվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, որտեղ բացակայում է հայազգի Պատրիկ Դեւեջյանը:

15 նախարարներ թվում են ոչ միայն իշխող կուսակցության, այլեւ կենտրոնամետ ուժերի եւ ձախակողմյան ընդդիմության ներկայացուցիչները:

Կառավարության՝ իր նշանակությամբ երկրորդ պաշտոնը զբաղեցրել է նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն: Արտգործնախարար է դարձել Բերնար Կուշները, որը 1999֊-2001 թվականներին եղել է Կոսովոյում ՄԱԿ-֊ի առաքելության ղեկավար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը, «Դեւեջյանին մեկ այլ ոլորտում է պաշտոն վերապահված` Փարիզի շրջանի Օ-դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի ղեկավարի պաշտոնը, որը ժամանակին զբաղեցնում էր Նիկոլա Սարկոզին»:

Մինչդեռ, վերջին շաբաթներին լուրեր էին շրջանառվում արտաքին գործերի կամ արդարադատության նախարարի պաշտոնում Դեւեջյանի հավանական նշանակման մասին:

Ֆրանսահայ գործչին նախարարական պաշտոն չտալը Հիլդա Չոբոյանը բացատրեց առավելապես տեխնիկական պատճառներով. Սարկոզիի մերձավոր շրջապատը շատ մեծ է, իսկ նախարարական պաշտոնների թիվը` խիստ սահմանափակ:

«Դա ժամանակի ընթացքում կարող է փոխվել: Մոտ ապագայում ուրիշ ընտրություններ էլ կան`քաղաքապետների ու նահանգային ընտրություններ, որոնք կարող են նոր պաշտոնների առիթ ստեղծել», - ասաց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG