Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը «Քաղաքական դաշտը մաքրվում է» խորագրի ներքո գրում է. - «Վերջին տարիներին հայրենի քաղաքական դաշտում նկատվում են բավականին հետաքրքիր երեւույթներ, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ նորացում»։ Մայիսի 12-ի ընտրություններում յուրաքանչյուր կուսակցության արդյունքներին անդրադառնալուց ու գնահատականներ տալուց հետո մեկնաբանը եզրակացնում է. - «2007-ի խորհրդարանական ընտրությունները մաքրել են քաղաքական դաշտի մի ահռելի հատված, որտեղ առաջիկա տարիներին կարող է ձեւավորվել Հայաստանի նոր ու միանգամայն կառուցողական ընդդիմությունը»:

«ՀՅԴ-ն` «կիսաընդդիմությո՞ւն» վերնագրված խմբագրականում «Առավոտ»-ը գրում է. - «Թեեւ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին իշխանության «համոզիչ հաղթանակով», մեծ է հավանականությունը, որ մոտակա ամիսներին` մինչեւ նախագահական ընտրությունները, քաղաքական կյանքը տաղտկալի եւ անհետաքրքիր չի լինի: Ամեն ինչ 100 տոկոսով կանխատեսելի կլիներ, եթե Դաշնակցությունը համաձայներ ստանձնել «խորհրդանշական պաշտոններ», կոալիցիա կազմեր ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ եւ նախագահական ընտրություններում պաշտպաներ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բայց այդ դեպքում ՀՅԴ-ն չէր կարողանա շարունակել «օդի մեջ խոսել» կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական արդարության, օլիգարխիկ-կլանային տնտեսության եւ այլ ժողովրդահաճո թեմաներով, ինչպես դա անում էր անցած 4 տարվա ընթացքում»: Նման գործելակերպի շարունակությունը, ըստ թերթի գլխավոր խմբագրի, կվտանգեր այդ կուսակցության հեղինակությունը, եւ «քաջ գիտակցելով դա` դաշնակցականները, ըստ էության, հրաժարվեցին մաս կազմել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կազմելիք կառավարությանը»:

«Ազգ» թերթի մեկնաբանի փոխանցմամբ, երբ միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստանում ընտրությունների առնչությամբ հայտարարեց «նախորդի համեմատ առաջընթացի ու միջազգային պարտավորություններին համապատասխանության մասին, բնավ էլ մեղադրելու չէր անուշադրության կամ կամ էլ անհրաժեշտ հմտությունների բացակայության մեջ»։ «Այս ամենի ֆոնին մնում է միայն փաստել, որ ընտրական տեխնոլոգիաների «քաղաքակրթումը» եւ նախկին կոպիտ մեթոդներից հրաժարումն արդյունք տվեցին», - արձանագրել է մեկնաբանն ու հավելել. - «Բայց թե դա որքանով է արտացոլում իրականությունն ու որքանով է զերծ կեղծիքներից, բնավ էլ չի կարող միջազգային դիտորդների որակումներին համահունչ գնահատական ստացվել»։

«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիրը ետընտրական իր դիտարկումները մատուցելով, արձանագրել է. - «Վերջին օրերի իրադարձությունները ճնշող ազդեցություն են ունեցել մեր հասարակության մտածող հատվածի վրա։ Սակայն, հասարակության գիտակից մասը, վերլուծելով վերջին օրերի իրադարձությունները, հասկանում է, որ նախագահական ընտրությունների ճակատագիրը որոշվում է այսօր», - գրել է գլխավոր խմբագիրն ու պարզաբանել. - «Մարդիկ հասկացել են, որ խայտառակ ընտրություններն իրականում անցան հենց Սերժ Սարգսյանի սցենարով՝ խորհրդարան մտան հենց այն ուժերը, որոնց պաշտպանության նախկին նախարարը թույլատրեց մտնել խորհրդարան»։ «Այս խորհրդարանի կազմի անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ տեր կանգնել իր խոստումներին եւ դաբրոներին։ Հակառակ դեպքում՝ գոնե ՄԱԿ-ը կհայտնվեր Ազգային ժողովում», - հավելել է խմբագրականը։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը ետընտրական զարգացումները նկարագրելով, ընդգծել է. - «Մեծ հաշվով, խնդիրը ոչ թե այն է, որ իշխանությունը կեղծել է այս ընտրությունների արդյունքները, այլ այն, որ ստեղծել է «ընտրություններով» վերարտադրվելու հավերժական մեխանիզմ եւ այդ մեխանիզմը սպասարկող հավերժական բանաձեւ: Մեր իշխանավորները չորս տարի թալանով փող են աշխատում, վերջին մեկ տարում այդ թալանած փողերի մի մասը ծախսում վերարտադրվելու համար»: «Ընդ որում, վերջին փորձը ցույց տվեց, որ իշխանության հովանու ներքո մշտապես գործում են խմբեր, որոնք զբաղված են ընդամենը մեկ հարցով` ընտրությունները կեղծելու մեխանիզմների կատարելագործմամբ», - շեշտել է գլխավոր խմբագիրն ու բխեցրել. - «Ու հիմա քիչ էր, որ ժողովուրդը քաղաքական գործիչներին էր ծախված համարում, քաղաքական գործիչները` լրագրողներին, լրագրողները` մտավորականներին եւ հակառակը, այս ընտրություններում իշխանությունը նման իմիջ ձեւակերպեց նաեւ ժողովրդի համար»:

«Հայք»-ի աղբյուրները թերթին փոխանցել են, որ «առաջիկայում Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու է ՀՀԿ-ական, Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը»։ «Նա մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն էր առաջադրել Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում, սակայն, անակնկալ պարտություն էր կրել «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանից»։ Պարտության հիմնական պատճառը, ըստ թերթի, այն էր, որ «Գրիգորյանն ավելի շատ փող էր բաժանել, քան Ավետիսյանը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG