Մատչելիության հղումներ

Ճապոնիայում մասնավոր բանտ է բացվել


Մինե քաղաքում բացվել է առաջին մասնավոր բանտը Ճապոնիայում: Այն նախատեսված է 500-ական տղամարդկանց եւ կանանց համար, ովքեր առաջին անգամ են ազատազրկման դատապարտվում, եւ մոտ օրերս կընդունի առաջին կալանավորներին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նոր բանտի որակական առանձնահատկությունն է ընդգծում նաեւ դրա անվանումը` «Հասարակություն վերադարձին աջակցության կենտրոն»:

Հիմնարկը կառավարում է պահպանության հարցերով զբաղվող «Սեկոմ» խոշոր ֆիրմայի եւ «Սիմիձու» շինարարական ընկերության ստեղծած բաժնետիրական ընկերությունը, որի հետ կառավարությունը շուրջ 430 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել 20 տարով:

Հիմնարկի պահպանության գործում մեծապես կիրառվում են տեխնոլոգիական նորամուծությունները: Այսպես, ինֆրակարմիր սենսորները փոխարինում են ավտոմատավոր պահակի աշտարակը, իսկ կալանավորների համազգեստի մեջ կարված են միկրոչիպեր, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած պահի պարզել նրանց գտնվելու վայրը:

Ղեկավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի կալանավորները իրենց զգան ինչպես տանը` բանտախցերում տեղադրված են սովորական մահճակալներ եւ աթոռներ, հեռուստացույցներ, իսկ լուսամուտները ոչ թե վանդակապատ են, այլ պատրաստված են գերամուր ապակուց:

Համաձայն Ճապոնիայի արդարադատության նախարարության տվյալների, արդեն շուրջ մեկ տասնամյակ հանցավորությունը երկրում անշեղորեն աճում է, ինչի հետեւանքով կալանավայրերը գերծանրաբեռնված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG