Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Խեղդեցին» փողով» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Տեղամասերում լուրջ միջադեպեր կարծես թե չեն գրանցվել ո’չ քվեարկության, ո’չ ձայների հաշվառման ժամանակ, ինչը, անշուշտ, դրական երեւույթ է: Բայց ասել, որ ընտրությունները գոնե մի քիչ մոտեցել են եվրոպական չափանիշներին, պարզապես ծաղր կլինի այդ չափանիշների նկատմամբ»: «Որովհետեւ ընտրությունները քվեարկություն չեն: Ընտրությունները քաղաքացիների կամքի ազատ արտահայտությունն են, եւ այնքան էլ էական չէ՝ այդ կամքը խեղդվել է լցոնումներով ու ծեծուջարդո՞վ, թե՞ փողով», - որակել է խմբագրականն ու արձանագրել. - «Այսքանով հանդերձ, թեեւ իշխանության «հաղթանակը» վաստակած չէ, բայց ընդդիմության պարտությունը միանգամայն վաստակած է: Թե՛ արմատական եւ թե՛ ոչ արմատական ընդդիմությունն ամեն ինչ արեցին այսօր արձանագրված արդյունքներին հասնելու համար»։

«Երեկ գիշեր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուշքի գալով իր իսկ հրապարակած առաջին տվյալներից, սկսել է զբաղվել իր հիմնական գործով՝ թվանկարչությամբ եւ կյանքի կոչել Ռոբերտ Քոչարյանի հրահանգները», - գրել է այսօր «Հայք» օրաթերթն ու մանրամասնել. - «Եթե ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացուցիչները բավականին ընկճված տեսք ունեին, իսկ ՀՀԿ-ականները խոստովանում էին, որ ընդդիմադիր ուժերը լուրջ հաջողության են հասել, ապա ավելի ուշ ԿԸՀ-ի հայտարարությունները զարմացրեցին ու բերկրանքի պահեր պարգեւեցին հուսահատության եզրին գտնվող հանարպատականներին եւ ԲՀԿ-ականներին, որոնք ընտրատեղամասերում մասնակցել էին ձայների հաշվարկին»։ «Այսպիսով, հերթական անգամ ԿԸՀ-ն զբաղվեց թվանկարչությամբ եւ եւս մեկ ծանր հարված հասցրեց մեր երկրին եւ ժողովրդին», - եզրակացրել է թերթը։

«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիրը, իր տպավորությունները փոխանցելով կայացած ընտրություններից, առանձնացրել է. - «Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ հայ ընտրողներ հնարավորություն ստացան քվեարկել ոչ թե մեկ, երկու, այլ բազմաթիվ անգամներ։ Մեխանիզմը, առավել քան պարզ է. ընտրելու իրավունք ունեցող քաղաքացին մտնում է տեղամաս, ներկայացնում է անձնագիրը, սակայն, ստորագրում է ոչ թե իր, այլ ուրիշի անվան դիմաց, ենթադրաբար նրա, ով նախապես հայտնի է, որ չի գալու քվեարկության՝ Հայաստանից բացակայելու կամ ֆիզիկական չգոյության պատճառով։ Հետո նույն ընտրողը նորից է գալիս նույն տեղամաս, մի երկու ժամից եւ նորից է ներկայացնում իր անձնագիրը, ապա քվեարկում մեկ ուրիշ բացակայողի փոխարեն։ Եվ այդպես շարունակ։ Ամենեւին էլ պատահական չէ, որ այս երեւույթը ծնունդ առավ Հայաստանում»։

Կայացած ընտրությունները բաղդատելով նախորդների հետ` «Փակագիծ» թերթի գլխավոր խմբագիրը հարցրել է. - «Արդյո՞ք 2007 թվականի ընտրական գործընթացի ամբողջ ինտրիգը 2003-ից, կամ 1999-ից, 98-ից ու 96-ից տարբերվելն էր։ Եթե այո, ապա դա, իհարկե, հաջողվեց։ Իհարկե, տարբերվեցինք։ Իհարկե, ընտրության օրը մարդիկ չսպանվեցին ու չմորթվեցին, կրակոցներ կարծես թե չհնչեցին։ Դրանք տեղի ունեցան ընտրությունից օրեր առաջ։ Բայց դրանով ընտրության իրական որակը կարծես թե չփոխվեց, որովհետեւ իրական որակը դա ժողովրդի կամքի արտահայտությունն է։ Իսկ երբ այդ կամքը խեղդում են, ապա որեւէ նշանակություն չունի, թե ինչպես ես դա անում՝ նկատելի թե աննկատ, բռնությամբ թե քնքշորեն։ Միեւնույն է, հետեւանքը լինում է նույնը, ինչին մենք ականատես ենք լինում արդեն 15 տարի»։

ՀՀԿ-ի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում բացառելով «հետընտրական բախումների եւ խժդժությունների» հավանականությունը, ընդգծել է. - «Եթե կլինեն քաղաքական գործիչներ, ովքեր կփորձեն արհեստականորեն ապակայունացնել իրավիճակը, վստահ եմ՝ որեւէ արդյունքի չեն հասնի։ Ժողովուրդը նրանց նկատմամբ պարզապես անտարբեր է, իսկ անտարբերությունից ավելի վատ բան չկա։ Մեր կուսակցության համար ընդունելի է ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դա ժողովրդի որոշումն է։ Շատ զարմանալի է, երբ մարդիկ, ովքեր իրենց համարում են ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ջատագովներ եւ ասում են, թե շահագրգիռ են Հայաստանի ապագայով, ընտրություններից ամիսներ առաջ հայտարարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG