Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Մենք չենք պայքարում հինգ տոկոսի համար»


«Մենք չենք պայքարում հինգ տոկոսի համար, մենք պայքարում ենք այնպիսի ներկայության համար, որը հնարավորություն կտա ազդել քաղաքական գործընթացների վրա», -֊ լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ ընտրողներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել քվեարկությանը. - «Իսկ եթե նենգափոխվեն քվեարկության արդյունքները, ՀԺԿ-֊ն կլինի պայքարի առաջին շարքում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շատ ընդդիմադիրներ են արդեն հայտարարել, որ կեղծիքների դեպքում պայքարի առաջին շարքում են լինելու, ՀԺԿ-ի առաջնորդը արձագանքեց. - «ՀԺԿ֊-ն մեծ-֊մեծ խոսելու կարիք չունի, որովհետեւ իր կենսագրությամբ ցույց է տվել, որ պայքարող ուժ է»:

Դեմիրճյանը չընդունեց դիտարկումը, թե 2003֊-ի համեմատ իրենց հանրահավաքները սակավամարդ են` ասելով, թե Հայաստանում ընտրողներն ավելի ակտիվ են նախագահի ընտրություններին: ՀԺԿ-ի առաջնորդը, այդուհանդերձ, ընդունեց, որ ընդդիմությունն «իրարից ձայն է խլում ինչ-֊որ տեղ»: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների համագործակցությանը, Դեմիրճյանն ասաց, որ ընտրակեղծիքների դեմ պայքարում համագործակցելու են, եւ չի բացառվում` խորհրդարան ընտրվելուց հետո էլ:

Խոսելով ավարտվող քարոզարշավի մասին, Ստեփան Դեմիրճյանն ասաց. - «Չափն անցել են արդեն դեմագոգիայի, երեսպաշտության: Ընտրությունները կեղծողներն այսօր ամենաշատն են խոսում արդար ընտրությունների մասին: Ընտրակաշառք բաժանողները ասում են՝ ժողովուրդ, հանկարծ ձեր ձայնը չվաճառեք: Մասնավորապես ընտրակաշառքի հետ կապված՝ այս մարդիկ ոնց որ նպատակ դրած լինեն՝ այլասերել այս ժողովրդին»:

Ինչ վերաբերում է 2008-֊ի Հայաստանի նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրությանը, ՀԺԿ-ի նախագահն ասաց, որ շուտ է այդ մասին խոսելը. - «Խորհրդարանական ընտրություններից հետո, այն էլ՝ ոչ անմիջապես, կմտածենք»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG