Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երբ հասարակությունը գտնվում է համընդհանուր ապուշացման մեջ, նրան կարելի է «կերակրել» ցանկացած, անգամ ամենաաներեւակայելի «տուֆտայով»: Անդրադառնալով նախկին նախարարներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի հետ կատարվածին` թերթը խորհուրդ է տալիս. - «Հանկարծ վաղը չզարմանաք, որ «համատուֆտեցման» այս ժամանակներում իրավապահները մտնեն որեւէ ընդդիմադիրի տուն ու նրա տանը «Պիեռ Կարդեն» մակնիշի անօրինական ու ապազգային փողկապ հայտնաբերեն»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ընդհանրապես, դատելով ամենից, Արզումանյանին ու Շիրխանյանին [Լեւոն] Մարկոսը վերաբերվում է ճիշտ այնպես, ինչպես Լենինը` Տրոցկուն: Լենինը, ինչպես հայտնի է, վստահում էր Տրոցկուն անվերապահորեն»: Թերթը մեջբերում է Լենինի խոսքերը. - «Ես տալիս եմ ձեզ այս բլանկը եւ կարող եմ տալ այսպիսիք` ինչքան ասես, քանզի կանխավ հավանություն եմ տալիս ձեր բոլոր որոշումներին: Այս բլանկի վրա դուք կարող եք գրել ցանկացած որոշում, եւ դա արդեն հաստատված կլինի իմ ստորագրությամբ»: «Իսկ ինչո՞վ կավարտվեր այս պատմությունը, եթե չմիջամտեին հատուկ ծառայությունները: Բնականաբար, Մարկոսի փողերի գերակշիռ մասը Արզումանյանն ու Շիրխանյանը կյուրացնեին: Ինչ-որ փշրանքներ, բացառված չէ, իսկապես կփոխանցեին հեղափոխության ֆոնդին, որպեսզի դրանք յուրացնեին ուրիշները», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը` ամփոփելով. - «Փողը նրանք չեն ափսոսում: Քանզի հեղափոխության այդ շուլերները խաղում են ուրիշի փողերով»:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին, նախկին արտգործնախարարի դեմ հարուցված քրեական գործի ոչ քաղաքական շարժառիթները մեկնաբանելով, ընդհանրացրել է. - «Միայն այն հանգամանքը, որ արտերկրից կարող են, ասենք, իշխանությունների համար անցանկալի մարդուն գումար փոխանցել, դա դեռ չի նշանակում, որ այդ հանգամանքը կարող է քրեական գործ հարուցելու հիմք դառնալ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, օրինակ` անցած տարի ՀՀ քաղաքացիները իրենց բարեկամներից ու ծանոթներից ստացել են ավելի քան 1 մլրդ դոլար գումար: Ոչ պաշտոնական գնահատականներով, այդ գումարը անցնում է 2-2,5 մլրդ դոլարը»: «Նույն ԿԲ տվյալներով, ՀՀ բնակչության մոտ կեսը ստանում է նման փոխանցումներ», - շարադրել է գլխավոր խմբագիրն ու փաստարկել. - «Եթե Արզումանյանի ձերբակալությանը մոտենանք ոչ քաղաքական տեսանկյունից, ապա ստացվում է, որ արտասահմանից մասնավոր տրանսֆերտներ ստացող ՀՀ քաղաքացիների մի զգալի հատված ԱԱԾ-ի կողմից դիտարկվում է որպես պոտենցիալ հանցագործ»:

«Ժամանակ Երեւան» թերթը գրել է, թե «Լեւոն Մարկոսը, որի անունը շոշափվում էր Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն գործարարներից է, որն այս իշխանություններից քցվածների թվում է»։ «Նա ժամանակին իր ունեցվածքով երաշխավոր է կանգնել «Կրեդիտ Երեւան» բանկը փրկելու համար եւ փորձել է 150 միլիոն վարկ ստանալ դրսից` բանկի առողջացման համար։ Սակայն մեր իշխանությունը հաջողացրել է նրան մեղադրել խոշոր չափերի գումար հափշտակելու փորձերի մեջ, եւ նրա նկատմամբ 2005-ին քրեական գործ է հարուցվել», - հիշեցրել է թերթն ու հավելել. - «Այժմ Մարկոսը գտնվում է հետախուզման մեջ, նրա նկատմամբ ՀՀ դատարանները խափանման միջոց են ընտրել։ Սակայն, քանի որ նա ՌԴ քաղաքացի է, նրան Հայաստան բերել չի հաջողվում, իսկ քրգործը մերոնք Ռուսաստան չեն ուղարկում»: Թերթի տեղեկություններով, «նա խիստ զայրացած է վերջին օրերի իրադարձություններից եւ պատրաստվում է հայտարարություն անել, որ ինքը ոչ մի կապ չունի Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի բնակարաններում հայտնաբերված գումարների հետ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG