Մատչելիության հղումներ

Խուզարկություններ` Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի բնակարաններում


Շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ապօրինի կերպով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեղադրանքի շրջանակներում խուզարկություններ են իրականացրել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման գրասենյակում, ինչպես նաեւ շարժման նախաձեռնողներից` Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար, արտադրական ենթակառույցները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի բնակարաններում: Արզումանյանը եւ Շիրխանյանը նաեւ կանչվել են Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության:

Ծառայության հանրային կապերի պատասխանատու Արծվին Բաղրամյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ տեղյակ չէ տեղի ունեցածին, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, եւ պաշտոնական արձագանք խոստացավ ավելի ուշ:

Վահան Շիրխանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր բնակարանից 28 հազար դոլար է հայտնաբերվել, ինչի առիթով նա բացատրություն է գրել եւ այսօր դարձյալ ներկայանալու է Ազգային անվտանգության ծառայություն:

Ալեքսանդր Արզումանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց. - «Ինձ ասվեց, որ ինչ-որ փողերի լվացման հետ կապված քրեական գործ է հարուցված, որով ես անցնում եմ իբր որպես վկա: Ընթերցվեցին իմ իրավունքները եւ ինչ-որ հարց տրվեց, որում հնչեցին մեղադրական մտքեր, եւ ես ասացի, որ քանի որ մեղադրական նոտաներ եմ զգում հարցադրումների մեջ, ապա օգտվելով իմ սահմանադրական իրավունքներից` հրաժարվում եմ որեւէ ցուցմունք տալ, եւ եթե կան ինչ-որ մեղադրական բաներ, թող ինձ մեղադրանք ներկայացնեն»:

Նա վստահեցրեց, որ պատկերացում անգամ չունի, թե ինչի մասին կարող է լինել խոսքը. - «Եվ ընդհանրապես, ծիծաղաշարժ է այս ամենը: Մի մարդ, որը երբեւէ որեւէ տնտեսվարական գործունեությամբ չի զբաղվել` այդ մասին գիտե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ինչպե՞ս կարող է փողերի լվացմանը որեւէ առնչություն ունենալ: Կամ եթե ինչ-որ առնչություն ունեցողներ կան, եթե ինչ-որ բաներ կան, թող ներկայացնեն, տեսնենք` ինչ են ուզում»:

Արզումանյանը կարծիք հայտնեց, որ «սա քաղաքական պատվեր է, հերթական անգամ ընտրություններից առաջ մարդկանց վախեցնելու, ահաբեկելու եւս մեկ փորձ է»:

Նա հայտնեց, որ առգրավվել են իր բոլոր համակարգիչները, «թղթեր եւ այլն»:

Արզումանյանին ասվել է, որ «ինչ-որ առնչություն կա» իր մոտ եւ Վահան Շիրխանյանի բնակարանում կատարված խուզարկությունների միջեւ: «Իմ տնից էլ են առգրավվել իմ անձնական խնայողությունները», - ասաց նա` նշելով, որ դրանք կազմում էին շուրջ 50 հազար դոլար:

«Ես տասը տարիների ընթացքում բազմաթիվ գրքեր եմ հրատարակել, որոնց հոնորարների բոլոր ստացականները իմ տանն են: Դա իմ ամբողջ ունեցվածքն է` ի տարբերություն երկրի առաջին դեմքերի, որոնք մեկ օրվա ընթացքում 2 միլիոն են մսխում խաղատներում, նրանց թիկնապահների քշած «ջիպ»-երը երեք այդքան արժեն», - շեշտեց նախկին արտգործնախարարը:

Ամեն դեպքում, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնած «կլոր սեղանը» երկուշաբթի օրը կայանալու է:

«Գիտեք, որ մեր մոտեցումն է, որ ընտրությունները ի սկզբանե կեղծված են, եւ մենք ինքներս չենք մասնակցում: Խոսքը այս մթնոլորտի մասին է` Հայաստանի ներկայիս իրավիճակում հնարավո՞ր է արդյոք, կարո՞ղ են, ի վիճակի՞ են այս իշխանությունները անցկացնել ազատ, արդար ընտրություններ», - «կլոր սեղանի» անցկացման նպատակը այսպես պարզաբանեց Արզումանյանը: - «Իմ խորին համոզմամբ` ոչ, եւ, կարծում եմ, բոլորի համոզմամբ»:

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ անկախ նրանից` ով ինչպես է քվեարկել, տեղերում, կաբինետներում գրվելու են տոկոսներ, եւ այդ տոկոսները հրամցվելու են ժողովրդին: Որեւէ նոր բան չենք սպասում», - ընդգծեց նախկին արտգործնախարարը:


Ռուզան Խաչատրյան եւ Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG