Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Հայկական կողմը ընդունում է փուլային տարբերակը»


«Հայկական կողմը համաձայնություն է տվել հակամարտության փուլային կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակցող բոլոր յոթ շրջաններից զորքը առաջիկա տարիներին դուրս բերելուն», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` այսօր Ռամանի գյուղում մասնակցելով փախստականների ավանի բացմանը:

«Ես հրապարակում եմ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, քանզի հայկական կողմը փորձում է խեղաթյուրել ընթացող բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը, մասնավորապես, պնդում է, թե կա համաձայնություն ընդամենը հինգ շրջաններն ազատելու վերաբերյալ. դա իրականությանը չի համապատասխանում: Մեզ առաջարկել են այդպիսի տարբերակ, սակայն մենք այն մերժել ենք, եւ հիմա կա համաձայնություն հենց յոթ շրջանների մասին», - ասել է Իլհամ Ալիեւը` հավելելով. - «Խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայկական կողմն ապատեղեկացնում է հանրությանը, դրա համար էլ ես ստիպված եմ բացահայտել բանակցությունների էությունը»:

Նրա խոսքերով, «շրջաններն ազատելու ընթացքում այնտեղ կսկսեն վերադառնալ փախստականները, այդ գործընթացի ավարտից հետո սկսվելու է ադրբեջանական բնակչության վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: «Թուրան»-ի փոխանցմամբ, Ալիեւն ընդգծել է, որ «Հայաստանն ընդունել է այդ տարբերակը»:

Ադրբեջանի նախագահը ասել է նաեւ, որ «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապը կիրականացվի Լաչինի միջանցքով»:

Նրա խոսքերով, համաձայնություն կա հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու շուրջ:

«Մենք դեմ էինք, սակայն հայերը վախենում են, դրա համար էլ մենք համաձայնեցինք», - ասել է Ալիեւը` նշելով, որ «խաղաղապահների տեղակայման ժամկետը սահմանափակված կլինի»:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Իլհամ Ալիեւը ասել է, որ այն կճշտվի միայն փախստականների վերադարձից հետո եւ պետք է համապատասխանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Միաժամանակ, նա հայտնել է, որ «այդ ինքնավարության աստիճանը կլինի ավելի բարձր, քան այն, որ կար խորհրդային ժամանակաշրջանում»:

«Ով անկախություն է ուզում՝ թող մեկնի Հայաստան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG