Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Փաստելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մինչեւ հիմա ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ քաղաքագետների համար անգամ պարզ չեն «միմյանց դեմ մրցակցող կուսակցությունների գերակշիռ մասի ծրագրային մոտեցումները»` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը նկատել է. - «Տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք ոչ թե Ազգային ժողովի ընտրությունների, այլ երգ-երաժշտության, սրամտության ու ճարտասանության հանրապետական մրցույթի հետ, որի գրեթե բոլոր մասնակիցները պետք է պարտադիր արտաբերեն նույն ֆրազները։ Դրանք հիմնականում բարձր դասարանցի դպրոցականներին անհրաժեշտ քաղաքագիտական տերմինների շաղախ են՝ «արդարություն», «ժողովրդավարություն», «բարգավաճում», «կոռուպցիա», «աշխատատեղեր», «թալանչիներ», «կլաններ» եւ էլի մի քանի բառեր ու նրանցից կազմված կաղապարյալ արտահայտություններ»։ «Ընդ որում», - հավելել է մեկնաբանը, - «գրեթե բոլոր ուժերը, չգիտես ինչու, հանդես են գալիս միեւնույն՝ ընդդիմադիր դիրքերից, լիովին անտեսելով իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը»։

«Առավոտ»-ը «Ի՞նչ է կատարվում հանձնաժողովներում» խորագրի ներքո գրում է. - «Թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկություն ստացանք, որ այստեղ «Արդարություն» դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անդամը «ծախվել է», հետեւաբար` «ծախվել է» նաեւ ՀԺԿ-ն, քանի որ հանձնաժողովի այդ տեղը ՀԺԿ-ինն է»: Խոսքը դեռ սահմանադրական հանրաքվեի օրվանից ՀԺԿ-ից հեռացված Արմեն Երանյանի մասին է. նախկին ՀԺԿ-ականը, ըստ թերթի հրապարակման, «աշխատել է հօգուտ իշխանությունների»:

«Մկնային խաղեր» վերնագրի ներքո «Ժամանակ Երեւան»-ը, վկայակոչելով «իշխանական կուլիսներից սպրդած» լուրերը, գրում է, թե տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը էական դերակատարում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի կազմման գործում: «Երբ այս մասին հայտնել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, վերջինս չի հավատացել, թե կարող է իր կուսակցության շտաբի պետը նման բան անել: Սակայն վարչապետին «լուսավորողները» հենց իր ներկայությամբ բարձրախոսը միացված հեռախոսով զանգել են Հովիկ Աբրահամյանին, նա էլ, չիմանալով, որ իրեն լսում են, կրկնել է, թե «մրցակից» կուսակցությունում ով ցուցակի որ տեղում պետք է լինի նախնական պայմանավորվածության համաձայն: Այսպիսի ինքնագործունեության համար Անդրանիկ Մարգարյանը մահվանից մի քանի օր առաջ իր մոտ է կանչել ու մի լավ բարկացել Հովիկ Աբրահամյանի վրա», - տեղեկացնում է թերթը:

«Հայք» պարբերականի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «տեղամասային ընտրական հանձնաժողոների յուրաքանչյուր անդամին վճարել է բավականին բարձր գումար՝ լավ աշխատելու համար». - «Երեւանում այդ գումարը տատանվում է 200-300 դոլարի սահմաններում»։ Թերթը պարզաբանել է, թե «համաձայն ներիշխանական պայմանավորվածությունների, ԲՀԿ-ին բաժին է հասել դատարանների աշխատակազմերին տրամադրվող տեղերը, սակայն ԲՀԿ-ն դժգոհ է մնացել իրեն հասածից եւ այժմ ակտիվորեն փորձում է գնել նաեւ ընդդիմադիր կուսակցությունների տեղերը հանձնաժողովներում»։ «Երեւանի յուրաքանչյուր ընտրատարածքում կա մոտ 30-35 ընտրատեղամաս, իսկ ամեն մի ընտրատարածքի արժեքը հասնում է 15-20 հազար դոլարի», - մանրամասնել է «Հայք»-ն ու հավելել. - «ՕԵԿ-ի, «Ազգային միաբանության» եւ ՀԺԿ-ի ունեցած տեղերը գնելու լուրջ հավակնություն ունի նաեւ ՀՀԿ-ն, եւ այժմ պայքար է գնում, թե որն ավելի շատ կվճարի։ Իսկ արդյունքում, շահում են ընդդիմություն խաղացող առաջնորդները, որոնք աճուրդի հանելով իրենց տեղերը հանձնաժողովներում, սեփական դրամապանակի լուրջ հավելում են ստանում իշխանական ուժերից»։

Արագածոտնի թիվ 14 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչ անելու մեղադրանքով մեկուսարանում գտնվող Վարդան Մալխասյանը նույն թերթի հարցազրույցում պնդել է. - «Այս պահին ամեն ինչին պետք է մոտենալ շատ կշռադատված, որովհետեւ այս ընտրությունները բախտորոշ են լինելու հայ ժողովրդի համար»։ «Ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե ինքը ստրկական վիճակն ընդունում է, ուրեմն պետք է ընդունի նաեւ ստրուկի վատ ապրելակերպը», - ընդգծել է Մալխասյանն ու հավելել. - «Ստրուկի հետ վարվում են ինչպես ուզում են, վերջում էլ՝ վաճառում են։ Այնտեղ, որտեղ փողն է իշխում, այնտեղ ճշմարտություն, արդարություն, հայրենասիրություն լինել չեն կարող։ Ապրե՛ք ու գործեք կյանքի, բարու, հաղթանակի հավատով, մի՛ եղեք գիտակից ստրուկ»:

«Հերթական խախտումը» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը փոխանցել է. - «Հրազդան քաղաքում գտնվող Կոտայքի մարզպետարանի շենքի ճակատին փակցված է մոտ 3 մետր բարձրությամբ եւ 20 մետր լայնությամբ ՀՀԿ-ի պաստառը՝ «Քեզ համար, Հայաստան» վերտառությամբ։ Սակայն, Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետն արգելում է «նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատաելիս»։ «Ավելին, ԸՕ-ի համաձայն, նման խախտման համար այդ կուսակցության գրանցումը պետք է ուժը կորցրած ճանաչել», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG