Մատչելիության հղումներ

Իրանում արգելում են «արեւմտյան» սանրվածքը


Իրանի ոստիկանները վարսավիրներին նախազգուշացրել են` «տղամարդ այցելուներին չառաջարկել արեւմտյան ոճի սանրվածք»:

Իրանական մամուլը հայտնել է, որ իշխանությունները արշավ են սկսել իսլամական արժեքներին հակասող սանրվածքի եւ հագուստի դեմ: «Արեւմտյան սանրվածքն արգելված է»` առաջին էջում այս խոշորատառ վերնագրի ներքո հոդված է հրապարակել «Էթեմադ» օրաթերթը:

Թեհրանում մի շարք վարսավիրանոցներ տղամարդկանց առաջարկում են «հոլիվուդյան աստղերի սանրվածք, հոնքերի ձեւավորում ու կոսմետիկա»:

Թեհրանի վարսավիրների միության ղեկավար Մոհամադ Էֆթեխարիֆարդն ասել է, թե «ոստիկանները վարսավիրներին կարգադրել են հետեւել կանոններին եւ տեղեկացրել են, որ հետայսու հսկողություն են սահմանում վարսավիրանոցների նկատմամբ»:

«Էթեմադ» թերթի փոխանցմամբ, «կարգադրությունները խախտելու դեպքում վարսավիրանոցը կփակվի, իսկ վարսավիրը կզրկվի լիցենզիաներից»:

Անցած շաբաթ ոստիկանները պատժել են երիտասարդ կանանց, ովքեր համարձակվել էին հասարակական վայրերում երեւալ վառ գույների թեթեւ ու կարճ ամառային հագուստով: 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո ուժի մեջ մտած շարիաթի օրենքների համաձայն, կինն Իրանում պարտավոր է կրել կազմվածքը թաքցնող երկար եւ լայն զգեստ: Ոստիկաններն օրինազանց կնոջը կարող են տուգանել, մտրակել եւ բանտարկել:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Մահմուդ Ահմադինեջադը 2005 թվականին նախագահ է ընտրվել իսլամական հեղափոխության արժեքներին վերադառնալու կարգախոսով:

Նրա հաղթանակից հետո կարծր դիրքորոշում որդեգրած իսլամիստ ղեկավարները հետեւողականորեն պահանջում են պայքար մղել «անբարոյական կեցվածքի» դեմ, ինչպիսին համարվում են նաեւ «արեւմտյան սանրվածքն ու նորաձեւությունը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG