Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ն դուրս եկավ համամասնական ընտրություններից


Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչությունը հայտարարեց համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների գործընթացից կուսակցության դուրս գալու մասին:

«Հայոց համազգային շարժումը, գնահատելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով, որ գործող իշխանությունները եւս մեկ անգամ ամեն գնով փորձում են վերարտադրվել, ինչը երկրի համար հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ի սկզբանե համոզված լինելով, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն իրական ընդդիմության համախմբումն է, վստահ լինելով, որ ընդդիմության ոչ միասնական մասնակցությունն ընտրական գործընթացին անհնար է դարձնելու իշխանափոխությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում տեղեր զբաղեցնելը չհամարելով ինքնանպատակ, հայտարարում է, որ դուրս է գալիս համամասնական ընտրակարգով քվեարկության գործընթացից՝ նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբմանը», - ասված է կուսակցության վարչության` շաբաթ երեկոյան տարածած հայտարարությունում:

ՀՀՇ-ն, համոզմունք հայտնելով, որ «միայն իրական ընդդիմության համախմբումով է հնարավոր դիմակայել երկրին ուղղված ներքին եւ արտաքին մարտահրավերներին», եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական իշխանության հաստատումը համարելով գերխնդիր՝ իր անդամներին եւ համակիրներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացին եւ քվեարկել «այն քաղաքական ուժերի օգտին, որոնց համար առաջնահերթություն են իշխանափոխությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը եւ իրատեսական քաղաքականությունը»:

ՀՀՇ-ի վարչության անդամ Արամ Մանուկյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով կուսակցության որոշումը, մասնավորապես, ասաց. - «Ընդդիմությունը ընտրություններին մասնակցում է տարբեր ֆորմատներով, տարբեր ուժերով, ոչ համախմբված: Ցավոք սրտի, չկայացավ մեծ ֆորմատ, միասնական պայքարի ճակատ, եւ մենք համոզված ենք, որ պայքարի այսպիսի տարանջատված` բաժան-բաժան ձեւը հաջողություն չի կարող բերել, եւ իշխանությունը կարող է դուրս գալ հաղթանակած: Ուստի, մենք` որպես օրինակ, որպես նախաձեռնող, ընդդիմադիր ուժերին կոչ անելու, միասնականացնելու առումով, փորձում ենք օրինակ ծառայել` դաշտում թողնելով մեկ կամ մի քանի ընդդիմադիր ուժ, որոնք կունենան աջակցությունը այլ ընդդիմադիրների, եւ միայն այդ դեպքում կարող են լուրջ ճակատ հանդիսանալ իշխանափոխության համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ քարոզարշավի առաջին երեք շաբաթների ընթացքում ՀՀՇ-ն ընտրողների հետ հանդիպումներից տպավորություն է ստացել, թե չի ստանա բավարար քվե, Մանուկյանը պատասխանեց. - «Ամենաշատը ես եմ հանդիպել ժողովրդի հետ այս երեք շաբաթների ընթացքում: Ես անձամբ 2 հազար դուռ եմ թակել եւ խոսել բնակիչների հետ: Հավատացնում եմ, որ ՀՀՇ-ի տոկոսը շատ բարձր է այն ֆոնից, ինչ երեւում է հասարակության մեջ, եւ ունի աճի տենդենց: Բացի այդ, մենք անցկացրել ենք լրիվ չեզոք` զուտ մեզ համար, աշխատանքային եւ լայն սոցիոլոգիական հարցումներ, որոնք բավական հուսադրող թվեր են տալիս»:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ «ազատ եւ արդար ընտրությունների համար Հայաստանում կա իրավական դաշտ». - «Այս փուլում միայն պահանջվում է օրենսդրության բարեխիղճ իրագործում»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG