Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով նախագահ Քոչարյանի` Երեւանի պետական համալսարանում ասածը «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակումների վերաբերյալ, դա «դատապարտելի եւ անընդունելի» որակեց:

«Համարում եմ դատապարտելի եւ անընդունելի: Դավաճանները բոլոր նրանք են, ովքեր կեղծում են ընտրությունները, ովքեր խայտառակ են անում հայրենիքը», - ասաց Բաղդասարյանը:

Ռոբերտ Քոչարյանը ուսանողների հետ հանդիպմանը «դավաճանության դրսեւորում էր» որակել «Օրինաց երկիր»-ի նախագահի պահվածքը Հայաստանում Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան դիվանագետի հետ գաղտնալսված զրույցի ընթացքում:

Այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Բաղդասարյանը ասաց. - «Մենք միանշանակորեն դատապարտում ենք քաղաքական գործիչների, դիվանագետների գաղտնալսումները: Ավելին` աղավաղված ձեւով, կեղտոտ մեկնաբանություններով այն համեմելը եւ հանրությանը ներկայացնելը: Սա ոչ միայն Սահմանադրության եւ օրենքների խախտում է, այլ սա [գաղտնալսումը եւ հրապարակումը] նաեւ բարոյական նորմերի կոպիտ խախտում է»:

«Եվ ավելի վատը նաեւ այն է, որ աղավաղվում է զրույցի բովանդակությունը», - շարունակեց նա: - «Փորձ է արվում կեղտոտ մեկնաբանություններ կատարել»:

«Սենսացիաներ փնտրել, կեղտոտ մեկնաբանություններ անել, դա առնվազն անհեթեթ է, որովհետեւ իմ հրապարակային դիրքորոշումները հայտնի են բոլորին: Ես բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ` Հայաստանի առաջիկա ընտրությունները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին: Միջազգային հանրությունը, որի առջեւ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ, պետք է լինի ուշադիր առաջիկա ընտրական գործընթացների նկատմամբ», - հայտարարեց «Օրինաց երկիր»-ի նախագահը:

«Ես, որպես քաղաքական գործիչ, ունենում եմ բազմաթիվ հանդիպումներ: Եվ եթե իմ բոլոր հանդիպումների ձայնագրությունները ունեն... բոլորը կհամոզվեն, որ Արթուր Բաղդասարյանը միշտ ասել է նույնը` որ այս ընտրությունները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին»:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք որեւէ ձեւով պաշտպանել իր իրավունքը` կապված այդ հրապարակման հետ, Բաղդասարյանը պատասխանեց. - «Ամենալավ պատասխանը մենք կտանք հրապարակային քաղաքական դաշտում»:

Արթուր Բաղդասարյանը դժգոհություն հայտնեց հեռուստաեթերում «Օրինաց երկիր»-ին տրամադրվող ժամանակից: Նրա խոսքերով, Հանրային հեռուստաընկերության եթերում քարոզարշավի համար սահմանված ժամը` երեկոյան 5-ից 7-ը անհարմար է. - «Շատ մարդիկ չեն կարողանում այդ քարոզարշավին հետեւել»:

«Իսկ 7-ից հետո ամբողջ եթերը հեղեղված է իշխանական գործիչների հեռուստազրույցներով», - շարունակեց նա` բողոքելով նաեւ, որ լրատվական ծրագրերով իրենց քարոզարշավը «ընդհանրապես չի լուսաբանվում». - «Իսկ իշխանական կուսակցություններին լուսաբանում են ամեն օր: Եթե այս մասին ինձ վաղը հարցնի մի գերմանացի կամ շվեդ կամ ամերիկացի կամ ռուս, ես նույնը ասելու եմ: Եվ ով ուզում է իրեն լավ զգա կամ վատ զգա. սա ճշմարտությունն է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG