Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը «դավաճանության դրսեւորում է» որակում Բաղդասարյանի պահվածքը


Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի գաղտնալսված զրույցի վերաբերյալ` «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակումներին:

Նախագահը նախ ասաց, որ հոդվածի հրապարակումից հետո առաջին հերթին մտածել է, որ դա չի կարող համապատասխանել իրականությանը: Ուստի հանձնարարել է ազգային անվտանգության մարմիններին` ուսումնասիրել, պարզել եւ զեկուցել:

«Ցավով եմ ասում, բայց այն, ինչ տպագրվել է առաջին հոդվածում, երկրորդ հոդվածում, ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը: Դա այդպես եղել է, եւ այդ փաստը անժխտելի է», - ասաց նախագահը: - «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այդ դրսեւորումը ավելի այլանդակ տեսք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է դա արվել... Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»:

Նախագահը ասաց, որ տվյալ պարագայում «կոշտ դրսեւորումներով» հանդես գալը պետական մարմինների համար ինքը ճիշտ ճանապարհ չի համարում, թեեւ առաջարկներ եղել են. օրինակ` Արթուր Բաղդասարյանին թույլ չտալ մասնակցել ընտրություններին:

Այդուհանդերձ, նա անուղղակիորեն դիմեց ընտրողներին եւ «Օրինաց երկիր»-ի շարքային անդամներին` լավ մտածել, թե ում հետ են ուզում ճանապարհ գնալ:

Հանդիպման ներածական խոսքում նախագահը անդրադարձավ առաջիկա ընտրություններին: Նախընտրական քարոզարշավը նախագահը բնորոշեց «բավական հանգիստ եւ քաղաքակիրթ». քաղաքական ուժերը (որոշ բացառություններով) հրաժարվել են ծայրահեղական ելույթներից, հեղափոխական կոչերից:

Քոչարյանի խոսքերով, ընդդիմությունը քննադատելու հնարավորություն ունի. - «Որեւէ արգելք որեւէ տեղ որեւէ իշխանական մարմինների կողմից չկա»:

Կուսակցությունները, նախագահի կարծիքով, չեն կարողացել ձերբազատվել անիրատեսական սպասելիքներից` թե քանի տոկոս ձայն կարող են ստանալ ընտրությունների արդյունքում. - «Փորձել եմ այդ տոկոսները գումարել, ստացվել է 380 տոկոս: Ո՞նց ենք բաժանելու այդ տոկոսները` ես չգիտեմ: Ի դեպ, այդ 380 տոկոսը` առանց Հանրապետականի եւ Բարգավաճի»:

Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց ընտրական հանձնաժողովների գործունեության կարեւորությունը. եթե տարբեր կուսակցությունների կողմից ներկայացված անդամների, վստահված անձանց միջեւ տեղի ունենա լուրջ շահերի բախում, կունենանք օբյեկտիվ արդյունք: «Իսկ եթե իրար հետ պայմանավորվեն, ո՞վ է վերահսկելու», - շարունակեց նախագահը: - «Այս համակարգը ունի բավական լուրջ թերություն, եւ այստեղ եմ ես տեսնում ամենից մեծ խնդիրը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG