Մատչելիության հղումներ

Ջորջ Սորոսը` «գունավոր հեղափոխությունների» մասին


«Իմ դերը «գունավոր հեղափոխությունների» գործում սխալ է հասկացվել եւ մեծապես չափազանցվել է նախագահ Պուտինի եւ մյուսների կողմից, օրինակ` Շեւարդնաձեի, ովքեր գերադասեցին մեղադրել ինձ «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու համար, փոխանակ ընդունելու այն փաստը, որ ժողովուրդն է տապալել ռեժիմը Վրաստանում», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է հայտնի բարերար, Բաց հասարակության ինստիտուտի նախագահ Ջորջ Սորոսը:

«Իմ դերը շատ ավելի սահմանափակ էր», - վստահեցրել է նա: - «Ես հաստատություններ ունեմ այս երկրներում, եւ այդ հաստատությունները աջակցում են ժողովրդավարական զարգացումը: 0րինակ, նրանք կազմակերպում են «էքզիտ փոլ»: Եվ հանրությունը Վրաստանում ավելի շատ հավատաց «էքզիտ փոլին», քան պաշտոնական արդյունքներին»:

«Ես ինչ-որ չափով անձամբ ավելի շատ ներգրավված էի Վրաստանում, քանի որ ես աշխատում էին Շեւարդնաձեի եւ մյուսների հետ հակակոռուպցիոն արշավում, որին աջակցում էին ինքը, այն ժամանակվա արդարադատության նախարար Սահակաշվիլին եւ խորհրդարանի նախագահ Ժվանիան: Հետո, դժբախտաբար, Շեւարդնաձեն չկարողացավ կատարել իր խոստումները եւ պարտավորությունները», - պարզաբանել է Սորոսը:

«Ես առանձնապես հեղափոխությունների ջատագով չեմ, քանի որ հեղափոխությունները տեղի են ունենում, երբ ժողովրդավարության դեֆիցիտ կա: Հետո դրանք տարածք են ստեղծում ժողովրդավարության կառուցման համար, բայց չեն երաշխավորում, որ թռիչք կատարվի ռեպրեսիվ ռեժիմից դեպի ժողովրդավարություն: Այդ իսկ պատճառով Խորհրդային Միության փլուզումը չհանգեցրեց բաց հասարակությունների ձեւավորմանը, եւ այդ պատճառով կարիք եղավ երկրորդ հեղափոխության Վրաստանում եւ Ուկրաինայում», - ընդգծել է Ջորջ Սորոսը:

«Ես իրականում ուրախ եմ արդյունքներով: Ես կարծում եմ, որ Վրաստանը իրականում փոխեց պետությունը, փոխեց իր բնույթը: Կոռուպցիան շատ ավելի քիչ է հիմա, քան նախկինում», - ասել է Սորոսը եւ հավելել. - «Վրաստանը կարողացավ դիմանալ շատ ուժեղ ճնշմանը, որը գալիս էր Ռուսաստանից: Քանի որ Պուտինը չի ցանկանում տեսնել անկախ Վրաստան, նա ամեն ինչ արեց վարչակարգը թուլացնելու համար: Նրանք դադարեցրին գազի մատակարարումը, խափանեցին էլեկտրամատակարարումը: Իսկ Վրաստանը կարողացավ դիմանալ: Կարծում եմ, Վրաստանը հաստատում է իրեն իբրեւ կենսունակ եւ հաջողակ ռեժիմ»:

Ուկրաինայի դեպքում, նրա խոսքերով, «դժբախտաբար, Ռուսաստանը կարողացավ վերահսկողություն ձեռք բերել գազի շնորհիվ»: «Թեեւ Ուկրաինան էլ է կենսունակ ժողովրդավարական հասարակություն, հասարակություն, որը ցույց է տվել իշխանավորներին, որ չի հանդուրժելու որոշակի վարքագիծ: Եվ ով էլ լինի կառավարությունում` պետք է հաշվի նստի սրա հետ», - ընդգծել է Սորոսը:

Բաց հասարակության ինստիտուտի նախագահը անհրաժեշտ է համարում «ավելի լավ քաղաքական գործընթացները». - «Անհրաժեշտ է կառուցել ժողովրդավարության հաստատություններ: Անհնար է կառուցել ժողովրդավարություն հեղափոխությունների միջոցով: Ահա թե ինչու եմ ասում, որ ես հեղափոխությունների ջատագով չեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG