Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հավակնում է ընտրողների ձայների առնվազն մեկ երրորդին


«Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախատեսում է ստանալ գոնե ընտրողների մեկ երրորդի ձայները», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այո, մեր քաղաքացիները, եւ մեր հանդիպումներն էլ խոսում են դրա մասին, պատրաստ են իրենց ձայների մեծամասնությունը տալ Հանրապետական կուսակցությանը», - հայտարարեց Շարմազանովը` նաեւ ավելի «քաղաքակիրթ ու քաղաքական» գնահատելով ընթացիկ քարոզարշավը: Նա բացառեց «խոշոր անակնկալները» քարոզարշավի ընթացքում:

Պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթում «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետ Ռիչարդ Հայդի մասնավոր զրույցին վերաբերող հրապարակման մասին հարցին, ՀՀԿ-ի խոսնակը ասաց. - «Եվ քաղաքական գործիչները, եւ քաղաքացիները, եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է գործեն տվյալ երկրի Սահմանադրության համաձայն: Հանրապետականը, անձամբ ես մշտապես կողմ ենք, որպեսզի [Սահմանադրությունը] պահպանվի եւ դատապարտում ենք այն երեւույթները, որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ոտնահարվում է»:

Այսօր տարածված հայտարարությամբ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր «անհանգստությունն ու հիասթափությունն է» արտահայտել «դեսպանատան պաշտոնյայի եւ ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսման եւ վերջերս մամուլում դրա ձայնագրության որոշ մասերի հրապարակման հանգամանքով»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG