Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը «Ծանր է արդարության բեռը» վերնագրված խմբագրականում գրում է. - «Արդարությունը քաղաքականության մեջ հավանաբար ամենից անպաշտպան, ամենից տկար հասկացությունն է: Անհիշելի ժամանակներից տիրապետող է եղել այն կարծիքը, թե արդարությունը կարելի է պաշտպանել միայն ուժով, ուժի դիվանագիտությամբ: Այնինչ ժամանակակից աշխարհը ձգտում է մարդկայնության: Ապացույց` Հայոց ցեղասպանության ճանաչման ներկա գործընթացը»: Թերթի համոզմամբ` «եթե կարողանանք արդար լինել մենք մեր նկատմամբ, եթե կարողանանք արդարորեն ու ժողովրդավարությամբ կառավարել մեր երկիրը, եթե փորձենք արդարության հետամուտ լինել ամենուր` ներսում, տարածաշրջանում թե ողջ աշխարհում, ապա ավելի հեշտ կլինի արդարության վերականգնումը մեզ համար, պատմական արդարության, որքան էլ որ ծանր լինի այն»: «Ապրիլի 24-ը չէր լինի, եթե մեր պապերը չձգտեին արդարության: Ապրիլի 24-ը նշելու կարիք չկա, եթե մենք չենք ձգտում արդարության», - իր խմբագրականն ամփոփում է «Ազգ»-ը:

Նույն թերթի փոխանցմամբ, այսօր Միացյալ Նահանգներում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված նամականիշի ներկայացումը: Ծիծեռնակաբերդը պատկերող նամականիշը, ի տարբերություն նմանօրինակ թեմատիկայով նամականիշների, կդրվի նաեւ շրջանառության մեջ առաջին կարգի փոստային օգտագործման համար:

«Առավոտ»-ը իր իսկ հարցին` «Մեզ ձեռնտո՞ւ է, որ Թուրքիան նույնպես ընդունի, որ ժամանակին իր կառավարությունները հայերի ցեղասպանություն են իրագործել», պատասխանում է. - «Անշուշտ, ձեռնտու է: Հարցը միայն հետեւյալում է. ինչպե՞ս կարելի է դրան հասնել: Պետական եւ «պետականամետ» լրատվամիջոցներով թշնամանք եւ ատելություն սերմանելո՞վ: Թուրքական դրոշը այրելու անհեթեթ ավանդույթո՞վ: Զոհի բարդույթը մշտապես վառ պահելո՞վ: Դժվար թե»: Ինքնահաստատման միակ ճանապարհը, ըստ «Առավոտ»-ի, խաղաղ մրցակցության մեջ ավելի ուժեղ, ավելի հաջողակ լինելն է: «Այսօր մենք չենք կարող ասել, որ ունենք ավելի ժամանակակից, ավելի առաջադեմ, եթե ուզում եք` ավելի եվրոպական քաղաքական եւ տնտեսական համակարգ, քան Թուրքիան: Իհարկե, նման համակարգ ստեղծելը հեշտ բան չէ: Շատ ավելի հեշտ է անիծելը, հոխորտալը եւ ջահերով երթեր կազմակերպելը», - ամփոփում է թերթի խմբագիրը:

«Ճշմարտությունն հաղթում է» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը փոխանցել է. - «Դժվար թե սրանից 16 տարի առաջ՝ Հայաստանի անկախության հռչակման նախօրեին, որեւէ մեկը պատկերացներ, որ մեր փոքրիկ երկիրը պատմական կարճ ժամանակամիջոցում ի վիճակի է լինելու ո՛չ միայն ապահովել իր անվտանգությունը, այլեւ հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործը։ Այսօր, երբ քաղաքակիրթ մարդկության առջեւ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու Թուրքիայի քարոզչամեքենայի փորձերը որեւէ արդյունք չեն տալիս, պարզ է դառնում, որ ճշմարտության այս հաղթարշավի հիմնական պատճառը Հայաստանի Հանրապետության գոյությունն է»։

«Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, փաստորեն, մեզանում դառնալով ոգեշնչման օր, լուծում է ընդամենը մեկ խնդիր` հասարակության մեջ արթուն պահել «պատմական հայրենիքի» գաղափարը», - Ցեղասպանության ոգեկոչման խորհուրդը իր հերթին այսպես է գնահատել «Տարեգիր» թերթի մեկնաբանն ու հիմնավորել. - «Հայոց ցեղասպանության հիշատակման օրը փաստացիորեն դարձել է իրական հայրենիքի անմխիթար վիճակը պատմական հայրենիքի երազային պատրանքով փոխարինելու փորձաշրջան, որի ժամանակ, ըստ էության, փորձ է արվում մարդկային զանգվածներին կտրել իրականությունից` այսպիսով նրանց մեջ կոտրելով իրական հայրենիքի անմխիթար վիճակից բողոքելու ներքին պահանջը»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով խորհրդարական ընտրությունների քարոզարշավի առաջին 15-օրերի ընթացքի վերլուծությունը ցույց է տալիս, որ «նախորդ ժամանակների համեմատ՝ մեծ տեղ է տրվում երաժշտական-քաղաքական գովազդին, երբ կուսակցությունները կա՛մ սեփական հիմներն են հնչեցնում, կա՛մ պարում են դրա տակ, կամ էլ հայտնի երգերը ներկայացնում են իրենց առաջնորդների վրա անշնորհք ձեւակերպումներով։ Ծրագրային-քաղաքական ելույթներն անհամեմատ քիչ են, մինչդեռ, վերացական եւ անհասցե քննադատության պակաս չի զգացվում»։

«Ապագա կեղծիքներն այսօր են լեգիտիմացվում» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթն այսօր համեմատել է. - «Քաղաքակիրթ աշխարհում նախընտրական քարոզչությունն իրականցվում է ընտրությունների օրվա համար։ Այսինքն՝ քարոզչություն է արվում, որպեսզի տվյալ կուսակցությունը ընտրությունների օրը հնարավորինս շատ ձայն ստանա։ Իսկ մեզ մոտ քարոզչությունն իրականացվում է ընտրություններին հաջորդած օրերի համար: Իշխող կուսակցությունները, միեւնույն է, մտադիր են թվեր նկարել, իսկ նախընտրական քարոզչությունն ընդամենը նրա համար է, որ ընտրությունների հաջորդ օրն ասեն` «բա ի՞նչ էիք ուզում, էդքան մարդ էր գալիս մեր հանդիպումներին, դրա համար էլ 40-50 տոկոս ձայն ստացանք»։ «Սա, ի դեպ, նաեւ միջազգային դիտորդներին խաբելու լավագույն ձեւերից մեկն է», բխեցրել է մեկնաբանը։

«Գրանդ «քցում»» վերնագրի տակ «Հայք» թերթն այսօր փոխանցել է. - «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կտրուկ սրվել են հայտնի գործարար, մեծահարուստ Հրանտ Վարդանյանի եւ ՀՅԴ հարաբերությունները։ Մասնավորապես, օրերս Վարդանյանը ՀՅԴ ղեկավարությանը տեղեկացրել է, թե չի կարող ֆինանսապես աջակցել Դաշնակցությանը։ Վարդանյանը թերեւս հասկացել է, որ ավելի այժմեական են ոչ թե դաշնակցականների որդեգրած գաղափարները, այլեւ ՀՀԿ-ի եվրանժդեհականությունը։ Բացի այդ, նա պատկառելի մի կլորիկ գումար էլ նախատեսել է իր որդու՝ Միքայել Վարդանյանի համար, որը մեծամասնականով առաջադրված է Տավուշի մարզում»։ «Այս օրինակից ակնհայտ է, որ հին ընկերները դավաճանում են` հենց որ կարգախոսները փոխվում են», - եզրակացրել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG