Մատչելիության հղումներ

Ծանրամարտիկ Ալեքսան Կարապետյանը որակազրկվեց երկու տարով


Ավստրալահայ ծանրամարտիկ, Համագործակցության խաղերի հաղթող Ալեքսան Կարապետյանը երկու տարով որակազրկվել է` արգելված խթանիչներ օգտագործելու համար:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Ավստրալիայի հակադոպինգային մարմինը այսօր հայտարարել է, թե 2005 թվականին Միացյալ Նահանգներում անցկացված մրցումների ժամանակ Կարապետյանը խթանիչներ է օգտագործել:

Այնուհանդերձ, 36-ամյա ծանրամարտիկը չի զրկվի անցած տարվա մարտին Մելբուռնում անցկացված Համագործակցության խաղերի ոսկե մեդալից, քանի որ այդ մրցումների ժամանակ նրա արյան մեջ խթանիչ չէր հայտնաբերվել:

94 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ալեքսան Կարապետյանը երկրորդ ավստրալահայ ծանրամարտիկն է, որը որակազրկվում է խթանիչներ օգտագործելու համար: Ապրիլի սկզբին 85 կիլոգրամ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն, 37-ամյա Սերգո Չախոյանը խթանիչներ գործածելու համար ցմահ զրկվել է մարզական մրցումներին մասնակցելու հնարավորությունից:

Կարապետյանը եւ Չախոյանը Հայաստանից Ավստրալիա էին տեղափոխվել շուրջ 10 տարի առաջ եւ միջազգային մրցումներում ներկայացնում էին այդ երկիրը:

Երկու մարզիկներն էլ, որոնք, ըստ տեղական մամուլի հաղորդագրությունների, վերադարձել են Հայաստան, պետք է փոխհատուցեն Ավստրալիայի մարզական հանձնաժողովից իրենց ստացած ֆինանսավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG