Մատչելիության հղումներ

Ավիավթարների թվով ԱՊՀ-ն 13 անգամ գերազանցում է համաշխարհային մակարդակը


Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցությունը երեկ Ժնեւում հրապարակեց «ԱՊՀ-ի քաղաքացիական ավիացիայում տիրող կացության մասին» հատուկ զեկույցը, որի համաձայն` 2006 թվականին Ռուսաստանում եւ նախկին խորհրդային մյուս հանրապետություններում ավիավթարների թիվը 13 անգամ գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշը:

Կազմակերպության խոսնակ Էնթոնի Քոնսիլի խոսքերով, այն հանգամանքը, որ ԱՊՀ-ի պետությունների ավիաընկերությունները սկսել են օգտագործել արեւմտյան օդանավեր, անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծում է, սակայն իրավիճակը շարունակում է բավական ծանր մնալ:

Ընկերակցությունը իր մտահոգությունն արդեն փոխանցել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարին: «Մենք փոխանցեցինք նրան, որ հարկավոր է փոխել իրավիճակը, հարկավոր է ինչ-որ բան անել», - ասել է Քոնսիլը:

Ըստ մասնագետների` ԱՊՀ-ի տարածքում քաղաքացիական ավիացիան անվտանգության միջազգային մակարդակին կարողացել է մոտենալ առայժմ միայն Ղազախստանում:

«Ես գիտեմ, որ ամենաբարվոք վիճակը Ղազախստանում է, որովհետեւ նրանք առաջինը սկսեցին օգտագործել բրիտանական փորձը: Վատը չեն արձագանքները նաեւ Ուկրաինայից», - վկայել է ռուսաստանյան ավիացիայի խնդիրներով զբաղվող փորձագետ, նախկին օդաչու Վադիմ Բազիկինը:

Ինչ վերաբերում է ավիավթարների պատճառներին, ապա, ըստ ռուս մասնագետի, դրանց զգալի մասը մարդկային գործոնի արդյունք է:

«Շատ թեթեւ վերաբերմունք կա պարտադիր վարժանքների հանդեպ: Մարդիկ գալիս են պարապմունքների, զրուցում, եւ դրանով ամեն ինչ վերջանում է: Սրան էլ ավելացնենք, որ չկա պարտադիր մարզումների համար անհրաժեշտ տեխնիկա», - ասել է Բազիկինը: - «Մեր մյուս թույլ կետը` ընկերական հարաբերություններն են, երբ ամեն ինչ արվում է հանուն ընկերական, բարեկամական հարաբերությունների: Պարզապես հարկավոր է վերջ տալ դրան, առաջին խախտման դեպքում պետք է տուգանել, երկրորդի դեպքում` հեռացնել աշխատանքից»:

Ընդհանուր առմամբ՝ 2006 թվականը ամենաապահովն է եղել ավիավթարների առումով: Տեղի է ունեցել 77 վթար, մինչդեռ 2005 թվականին դրանց թիվը հասել էր 111-ի:

Ավիավթարների 43 տոկոսը, ըստ Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության զեկույցի, տեղի է ունենում անբարենպաստ եղանակի պայմաններում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG